ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ԲՋՆԻՈՒՄ

Դեռևս խորհրդային տարիներին Բջնին հայտնի էր իր ժայռամագլցման ուղիներով, որոնք հնարավորություն էին տալիս ոչ միայն մարզվել և լինել լավ մագլցող, այլ նաև անցկացնել տարածաշրջանային մագլցման առաջնություններ: 

ԽՍՀՄ տարիներին սպորտային մագլցման համար ներուժ հանդիսացող Բջնին, վերջին տարիներին սակայն, անուշադրության մատնվեց: Բարեբախտաբար այսօր, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շնորհիվ, կարողացանք վերականգնել Բջնու մագլցման ժայռային հնարավորությունները, որին իր մասնակցությունն ունեցավ նաև «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան»:
ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հետ համատեղ Բջնիում մշակեցինք երեք մագլցման ուղի, որոնցից մեկը նախատեսված է պատանիների մագլցման համար և ունի 4a  բարդություն , իսկ մյուս երկուսը մեծերի համար`5c-6a, 5b-5c բարդություն :  
Երևանից ոչ հեռու գտնվելը (37կմ) Բջնիի համար դրական կողմ է, քանի որ քիչ ժամանակ վատնելով ճանապարհի վրա, ավելի երկար ժամանակ ենք հատկացնում մագլցմանը: Ժայռերը գտնվում են Հրազդան գետի ափի մոտ: Դեպի ժայռեր մոտենում ենք արահետով, այստեղ կան հարմար տարածքներ վրանային ճամաբար կազմակերպելու և մեքենաները կայանելու համար: Այս կերպ մենք նպաստում ենք սպորտային մագլցման զարգացմանը Հայաստանում: