ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐԻ ՕՐ

«Հայաստանի լեռների օրվա» առթիվ կազմակերպված միջոցառումն անցավ շատ ջերմ միջավայրում և հագեցած ծրագրով: Լեռները ֆեդերացիայի հարկի տակ շատերին են միավորել, և այս անգամն էլ բացառություն չէր: Միջոցառմանը ներկա էին անհատ լեռնագնացներ, ակումբների ղեկավարներ, մարդիկ, ովքեր պարզապես սիրում են լեռները և ոգեշնչվում նրանցով:  
Ինչպես նախապես նշել էինք միջոցառման օրակարգում, ամեն բան անցավ լեռների բարձրության մակարդակում: Քանի որ հոկտեմբերի 9-ը մոտ է տարեվերջին, նաև շատ բան ունեինք պատմելու տարվա ընթացքում կատարված լեռնային գործունեության մասին:  

«4 ԳԱԳԱԹ» լեռնային ակումբի երեխաներին հանձնվեցին ավարտական վկայագրեր, ովքեր հինգ ամիս ստացել էին տեսական և գործնական գիտելիքներ լեռնագնացության վերաբերյալ: Նրանց վկայագրեր հանձնելու օրը շատ ճիշտ օրվա հետ համընկավ, և խորհրդանշական էր, և լավ առիթ ավագ լեռնագնացների հետ ծանոթանալու համար:

«Гора» ամսագիրը նորություն է Հայաստանում, և ոչ միայն: Այն մեզ ներկայացրեց ամսագրի գլխավոր խմբագիր Ելենաշ Շուվաեվա-Պետրոսյանը, նշելով, որ այն նախատեսված է ուժեղների, համարձակների և գործարարների համար, ինչն էլ հենց ամսագրի կարգախոսն է: Ամենևին պետք է չէ կարծել, որ այս ամսագիրը միայն լեռների մասին է: Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են իրենց լեռանը, լինի դա գործնական, անձնական, թե հենց լեռան տեսքով: Մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ  «Гора» ամսագիրը այսուհետ «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» ինֆորմացիոն գլխավոր գործընկերն է:

 2017թ. ընթացքում շատերն են մասնակցություն ունեցել լեռնագնացության և լեռնային տուրիզմի զարգացման գործում և ֆեդերացիան կարևոր է համարում գնահատանքի արժանացնել առավել աչքի ընկած անհատներին, ակումբներին և կազմակերպություններին: Թվով 17 շնորհակալագրեր հանձնվեցին ֆեդերացիայի անդամներին և ֆեդերացիայի գործընկեր ակումբներին և նրանց անդամներին, ովքեր այս կամ այն կերպ նպաստել են ոլորտի զարգացմանը: Մեկը ներդրում է ունեցել քայլարշավային արահետների կառուցման գործում, մյուսը` ակտիվ վերելքներ է կատարել, երրորդը` ավանդ է ներդրել բարձր լեռնային վերելքների զարգացման գործում: Շնորհակալագրերի հետ հանձնվեցին նաև Voskeni wines գինի,  Beauty production-ի հատուկ արշավային հավաքածու և  «Гора» ամսագիր: Շնորհակալություն մեր գործընկերներին մեր կողքին լինելու համար:

Շնորհակալագրերի հասցեատերերն էին`

‹‹Հայկական աշխարհագրական նախագիծ››` ‹‹Մերն է›› նախագծի շրջանակներում իրականացրած վերելքների միջոցով նոր լեռնային ուղիների բացահայտման համար:

ArmLand ակումբ / ԱՍ տուրիստական ակումբ` վերելքների և քայլարշավների կազմակերպմամբ մարդկանց ներգրավելու և լեռնագնացության զարգացմանը նպաստելու համար,

Հրաչ Իվանյան / Աղասի Մարտիրոսյան / Կարինե Հակոբյան` 2017թվականին իրականացրած աննախադեպ թվով վերելքների իրականացնելու համար,

Արտաշես Մկրտչյան`բարձր լեռնագնային վերելքների զարգացման մեջ ներդրած ավանդի համար,

Step Slackliners Armenia ակումբ`2017թ. ապրիլի 22-23-ը Դժոխքի ձորում կազմակերպած համախմբող և աննախադեպ միջոցառման համար,

 AHA Armenia`քայլարշավային արահետների գծանշման միջոցով լեռնային տուրիզմի զարգացմանը նպաստելու և ակումբներին օժանդակելու համար,

Վազգեն Գալստյան` Ջերմուկ քաղաքի լեռնագանցության զարգացման մեջ մեծ ավանդ ունենալու համար,

Վահագն Վարդումյան`քայլարշավային արահետների կառուցման ածխատանքներում մեծ ավանդ ունենալու համար,

Մարտին Թաթոսիչ / Սպարտակ Հովհաննիսյան /Աշոտ Լևոնյան`գիտելիքների և հմտությունների փոխանցման շնորհիվ վերելքներն անվտանգ դարձնելու համար,

Արտաշես Խուդոյան`Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ հավատարիմ ընկերության համար:
Վերջապես ֆեդերացիան ունի նոր վերազինված կայք, որը և ներկայացվեց ներկաներին, հույս հայտնելով, որ փոխադարձ տեղեկատվության փոխանակման միջոցով կունենանք տեղեկատվական կենտրոն, որը կարտացոլի տեղեկություններ հայ լեռնագնացների, լեռնագնացության, լեռնային բժշկության, վերելքների, երթուղիների, լեռների և լեռնագնացությանը վերաբերող այլ ոլորտների վերաբերյալ:
 Շուշաննա Ռուբենյանը և Նարինե Ճաղարյանը 2014թվականի ամռանից սկսել էին մի ծրագիր, որի նպատակը Գեղամա լեռնավահանի բոլոր գագաթները բարձրանալն էր: Հոկտեմբերի 9-ին նրանք ներկայացրեցին լեռների ամբողջական ցանկը, անդրադարձան դժվարություններին և առավելություններին, նշեցին թե որ ուղություններով են կատարել վերելքները, ինչ եղանակային պայմաններում և թե ինչ հետևություն են արել վերելքների բարդության և որոշ գագաթների` քարտեզում որպես գագաթ նշված լինելու հանգամանքների վերաբերյալ:   
Այգեր լեռը թեև ցածր բարձրություն ունի/3970մ/, բայց տեխնիկապես բարդ լեռ է: Լեռնագնացների կողմից լեռան դժվարություններն ու բարդությունը հաղթահարելը մեծ առաջխաղացում է սեփական լեռնային փորձի մեջ: Այս տարվա ամռանը Սուրեն Պետրոսյանին, Գարեգին Ունությանին և Հովհաննես Մարտիրոսյանին հաջողվեց անել դա և միջոցառմանը ներկա գտնվողները հնարավորություն ունեցան լսել Սուրեն Պետրոսյանի հաշվետվությունը, հիանալ նրանց քաջությամբ և ուրախանալ նրանց ձեռքբերումներով:
ԱրմԼենդ ակումբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը վկայագրեր հանձնեց սեպտեմբերին Կազբեկ /5033մ/ վերելք կատարած իր թիմի անդամներին, ովքեր գագաթին պարզել էին Հայաստանի և Արցախի դրոշը:  
Անդրադարձ կատարվեց ԵՊՀ ֆիզկուլտուրայի դահլիճում կառուցված մագլցման պատին՝ Ապառաժ ակումբի գործունեությանը, Արցախում լեռնագնացության ակտիվացմանը, <<Սպիտակ Իրբիս>> ակումբի ժայռամագլցման մարզումներին և hikers.am ակումբի գործունեությանը՝ կարևորելով նրանց դերը և իրականացվող ծրագրերը։

Վերջում հրաժեշտ տվեցինք` նոր վերելքների, ձեռքբերումների և ջերմ հանդիպման հերթական հանդիպման ակնկալիքով: