Ինչպես հայտնի է բոլորիս, մագլցումները գրեթե միշտ ուղեկցվում են վնասվածքներով: Դրանց պատճառները բազմազան են և երբեմն նույնիսկ մենք չենք նկատում այդ փոքր վերքերը: Սակայն լինում են նաև ավելի մեծ վնասվածքներ, որոնք կարիք ունեն որոշակի բուժօգնության: Ցանկացած պարագայում մենք պետք է իմանանք ինչպես վարվել կոնկրետ իրավիճակների ժամանակ: Ստորև կներկայացվեն հակիրճ, թե ինչ բժշկական միջոցներ պետք է ունենա մագլցողը և ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակներում: Տվյալ միջոցները կիրառական են այն դեպքում, երբ հնարավոր չէ իջեցնել տուժածին արագ և կարիք կա օգնությունը ցույց տալ հենց պատի վրա:
ԴԵՂԱՏՈՒՓ
Էտապային մագլցումը (multi pitch), ունենալով որոշակի նրբություններ, պահանջում է մի քանի կարևոր միջոց, որոնց կիրառումը բավականին արագ և էֆեկտիվ կօգնեն տուժածին:
DEXALGIN-ի կամ KETOROLAC-ի 2 ամպուլա.
DEXAMETHASONE—ի 2 ամպուլա.
ԼԱՐԱՆ.
ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐ 2 հատ.
ՍՊԻՐՏԵ ԳՆԴԻԿՆԵՐ 2հատ.
Այս միջոցները ունենալով կարելի է հենց ժայռի վրա փրկել տուժածի կյանքը: Սակայն դա բավարար չէ: Նրան անհապաղ պետք է իջեցնել և ցույց տալ համապատասխան բժշկական օգնություն: Այդ պատճառով, ներքևում պետք է ունենալ դեղարկղիկ, որը հագեցված է համպատասխան միջոցներով, որոնք կօգնեն տուժածին:
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ԵՐԲ ԱՆՀԱՊԱՂ ՊԵՏՔ Է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՐՎԻ ՀԵՆՑ ԵՐԹՈՒՂՈՒ ՎՐԱ
ՕՁԵՐԻ ԵՎ ԿԱՐԻՃՆԵՐԻ ԽԱՅԹՈՑՆԵՐ
Ինչպես հայտնի է ժայռերը և դրանց ճեղքերը հարմար են օձերի և կարիճների բնակության համար: Երբեմն լինում են դեպքեր, երբ օգտագործելով ժայռի ճեղքերը, մենք կարող ենք ենթարկվել նրանց հարձակմանը: Այդ ժամանակ առաջանում է խնդիր: Պետք է մագլցողին ցուցաբերվի համապատասխան օգնություն: Օձի խայթոցից հետո պետք է տեսնել վերքի վրա թունավոր օձ է խայթել թե ոչ: Թունավոր օձի կամ կարիճի դեպքում նախ և առաջ պետք ներարկել հակաշոկային և ցավազրկող դեղորայք՝ միջմկանային (երակային, եթե կիրառողը տիրապետում է): Անմիջապես հետո արտածծել թույնը, կիրառելով հասարակ ներարկիչ, կամ բերանի միջոցով արտածծել: Ոչ թունավոր օձի դեպքում չկա թույն և արտածծելու անհրաժեշտություն նույնպես:
Այս միջոցները կկանխեն հնարավոր բարդությունները: Պետք է շտապ իջեցնել տուժածին և ցուցաբերելով առաջին բուժօգնություն շտապ տեղափոխել համապատասխան բուժհիմնարկ:
ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ՏՐԱՎՄԱՏԻԿ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Ժայռերում` տարբեր իրավիճակներում, ինչպիսիք են քարաթափումները, մագլցողի անկումը, կարող են լուրջ տրավմաների պատճառ դառնալ: Այս դեպքերում հնարավոր է կոտրվածքների և խոշոր սալջարդների առաջացում: Լինում են դեպքեր, երբ դրանք ուղեկցվում են երակային և/կամ զարկերային արյունահոսությամբ: Առանց արյունահոսությունների տրավմաների ժամանակ անհրաժեշտ է ցավազրկել միջմկանային (երակային, եթե կիրառողը տիրապետում է) և հնարավորինս անշարժ պահել վերջույթը: Եթե կա զարկերակային կամ երակային ուժեղ արյունահոսություն անհրաժեշտ է լարանի օգնությամբ դադարեցնել այն: Որից հետո արագ իջացնել տուժածին, ցուցաբերել համապատասխան առաջին բուժօգնություն և տեղափոխել համապատասխան բուժհաստատություն:
ՄՆԱՑԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ԻՋԵՑՆԵԼ ՏՈՒԺԱԾԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ: ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԵՐԲ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՐԱԳ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՋԵՑՆԵԼ ՏՈՒԺԱԾԻՆ, ԻՋԵՑՆԵԼ, ՆՈՐ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ:
Ռաֆիկ Ժամակոչյան