Մեր մասին

Ֆեդերացիայի մասին

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան գործում է 2011թ. փետրվարից: Ֆեդերացիայի ստեղծման նպատակն էր նպաստել ալպինիզմի և լեռնային տուրիզմի զարգացմանը և լեռնագնացության մշակույթի ձևավորմանը: Երբ ֆեդերացիան նոր էր կազմավորվել, մեր հիշողություններում սովետական միության հայ լեռնագնացների ձեռքբերումներն էին միայն, ինչը հուշում էր, որ շատ անելիքներ կան <<լեռնագնացություն>> բառին նոր  և ակտիվ շունչ տալու համար: Պարզ էր, որ պետք է ամեն ջանք ներդնել լեռնագնացությունը Հայաստանում վերակենդանացնելու համար: Այս տարիների ընթացքում կազմակերպվել և անցկացվել են ուսումնամարզական հավաքներ, սեմինարներ, քննարկումներ, կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանից դուրս բնակվող մեր լեռնագնաց հայրենակիցների, ինչպես նաև օտարեկրացի լեռնագնացների հետ: Այս հանդիպումների միջոցով փորձի փոխանակում է կատարվել, ինչն էլ նպաստել է լեռնագնացության հմտությունների և գիտելիքների կատարելագործմանը: Տարվա մեջ երկու անգամ 5-7 հոգանոց խմբեր լեռնագնացության, լեռնային պատրաստվածության տեսական և գործնական  ուսումնական ծրագիր են անցնում, և տարեցտարի մեր շարքերը համալրվում են փորձառու լեռնագնացներով, ովքեր մեծ դեր են կատարում լեռնագնացությունը Հայաստանում զարգացնելու համար: Թե ինչպիսի լեռնային ոգևորություն, հպարտություն և հիացմունք է տարածվում լեռնասեր և լեռնագնաց մարդկանց շրջանում, երբ հաջողված վերելքներ ենք ունենում, բառերով դժվար է փոխանցել: Իսկ այդպիսի զգացողություններ մեկ անգամ չէ, որ ունեցել ենք: Ֆեդերացիայի ստեղծման առաջին տարիներին մեծ ձեռքբերում էր Կազբեկ, Էլբրուս, Արարատ և Դամավանդ լեռներ բարձրանալը, իսկ այսօր վստահորեն կարող ենք ասել, որ փոխվել են և´ լեռների բարձրությունը, և´ բարդությունը, և´ քարտեզը:

Ֆեդերացիան միշտ դրական է գնահատել հարևան երկրների, այլ ֆեդերացիաների և կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչն էլ իր արտացոլումը գտավ փոխգործակցության հուշագրերի ստորագրմամբ:

Լեռնագնացությունը լայն շրջանակներում ընդունված է համարել ապրելակերպ, ինչը հուշում է մեզ, որ այստեղ կարևորվում են փոխհարաբերությունները` մարդը մարդու, մարդը բնության, մարդը լեռների հանդեպ, կարևորվում են զգացողություններն ու անկեղծությունը: Հենց այս ամենի հաշվառմամբ է, որ մենք ամեն հնարավոր միջոց օգտագործում ենք անկեղծ, ջերմ, բարիդրացիական, անմիջական և ընկերական միջավայր ձևավորելու համար: Մեր հյուրընկալ հարկի ներքո պատրաստ ենք տալ անհրաժեշտ խորհրդատվություն, տրամադրել մասնագիտական գրքեր, անհրաժեշտության կամ ավելի ճիշտ ցանկության դեպքում, հենց մեզ մոտ կարող եք ընթերցել Ձեր նախընտրած գիրքը, թեյ խմել, քննարկել Ձեզ հուզող հարցերը, առաջարկություններ ներկայացնել, օգտվել քարտեզներից և պարզապես զրուցել:

Ոգևորվելով այս տարիների ձեռքբերումներով, հավատում ենք, որ ապագայում դրանք ավելի են շատանալու և ընդլայնվելու, ինչի համար պատրաստ ենք աշխատել շատ մեծ սիրով:

Գործընկերներ

Առաքելություն

  • Նպաստել ՀՀ-ում ալպինիզմի և լեռնային տուրիզմի զարգացմանը
  • Կազմակերպել և անցկացնել ալպինիզմի և ժայռամագլցման  առաջնություններ և մրցումներ
  • Անցկացնել ուսումնամարզական հավաքներ
  • Ապահովել մարզիկների մասնակցությունը տարբեր մակարդակի մրցումներին, այդ թվում միջազգային
  • Պատրաստել առաջնակարգ մարզիկներ Հայաստանի  ալպինիզմի և լեռնային տուրիզմի հավաքականների համար
  •  Կազմակերպել և անցկացնել գիտատեխնիկական կոնֆերանսներ, սիմպոզիումներ և սեմինարներ նվիրված լեռնային տուրիզմին և ալպինիզմին
  • Արտակարգ իրավիճակներում գործունակ ազգային հասարակական փրկարարական ուժերի ստեղծում և համագործակցություն նմանատիպ այլ կառույցների հետ:

Անդամակցություն

  • Ի՞նչպես դառնալ ֆեդերացիայի անդամ.
Ֆեդերացիայի անդամ կարող են դառնալ բոլոր ցանկացողները:
      
Անդամագրվելու համար անհրաժեշտ  է`
1.Ներկայացնել դիմում և պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ հայտարարություն,  
2.Անցնել 15 օր տևողությամբ դասընթաց (տեսական, գործնական, հատուկ և տեխնիկական պատրաստություն ),
3.Անցնել փորձաշրջան 3 ամիս տևողությամբ:
 
Այս ընթացքում վարչության անդամների կողմից իրականացվում է դիտարկում, ովքեր և ապահովում են տվյալ անձանց համար`
1. գրականության ուսումնասիրումը,
2. հետագա պարապմունքներին մասնակցության գործընթացը,
3. միջոցառումներին մասնակցությունը
 
Փորձաշրջանն անցնելուց հետո, ֆեդերացիայի նիստում քվեարկության է դրվում դիմողի անդամագրման հարցը: Քվեարկության դրական արդյունքի դեպքում նախագահի կողմից տրվում է անդամության վկայական:
  •  Ի՞նչ է տալիս Ֆեդերացիայի անդամությունը
Դառնալով ֆեդերացիայի անդամ Դուք   հնարավորություն կունենաք
1. Անվճար կամ ցածր սակագներով մասնակցել ֆեդերացիայի կողմից կազմակերպվող միջոցառումներին (արշավ, մրցումներ, հավաքներ, քննարկումներ, կինոդիտումներ և այլն),
2. Մասնակցել ֆեդերացիայի կողմից իրականացվող ուսուցմանը, մարզումներին,  մասնակցել ֆեդերացիայի աշխատանքներին,
3. Առաջխաղացում ֆեդերացիայում (շարքային անդամ-խորհրդի անդամ-վարչության անդամ),
       Ինչպես նաև 
4.Ֆեդերացիայի կողմից կստանաք իրավական, ֆիզիկական աջակցություն,
  • Ի՞նչպես դառնալ Ֆեդերացիայի խորհրդի անդամ
Ֆեդերացիայի խորհուրդը վարչության հետ քննարկում է ֆեդերացիայի հարցերը և նիստեր հրավիրում վարչության հետ:
 Ֆեդերացիայի խորհրդի անդամ կարող են դառնալ`
1. Իր հաջողություններով առավել աչքի ընկած ֆեդերացիայի անդամը,
2. Ֆեդերացիային զգալի օգնություն ցուցաբերած անձիք,
3. 2 և ավելի տարի ֆեդերացիայի շարքային անդամները, ովքեր արժանացել են «Հայաստանի լեռնագնաց» կոչմանը:
  •  Պատվավոր անդամ
Այն անձինք, ովքեր մեծ ներդրում ունեն ալպինիզմի զարգացման գործում, ֆեդերացիայի աջակցման պարագայում, կարող են ձեռք բերել Ֆեդերացիայի պատվավոր անդամի կարգավիճակ: