Լեվ Սարկիսովը ծնվել է 02 դեկտեմբերի 1938 թվականին Վորոնեժ քաղաքում: Պատերազմից հետո Սարկիսովների ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի:

Լեվ Սարկիսովն ավարտել է դպրոցը, աշխատել է երկաթուղում, երեք տարի ծառայել է հրթիռային ուժերում: Ծառայությունից հետո աշխատել է Դմիտորավի անվան ավիացիոն գործարանում, որտեղ ներգրավվում է սպորտային տուրիզմի խմբում:

Մասնագիտություն ստացել է, երբ արդեն կայացած անհատականություն էր: Ավարտել է Թբիլիսիի Ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Այդ ժամանակ արդեն մարզիչի 20 տարվա ստաժ ուներ:

Ավիացիայում աշխատելու տարիներին լեռնային տուրիզմի խմբի անդամներով գնացել է արշավների, լեռներ է բարձրացել, մասնակցել է լեռնային տուրիզմի մրցույթերի: 1962 թվականին բարձրացել է Կազբեկ լեռը: Լեռներն այնքան են դուր գալիս նրան, որ նույն թվականին գնում է Հյուսիսային Կովկասում գտնվող լեռնագնացության ճամբար և անցնում համապատասխան պատրաստություն, որից հետո նրան ընդգրկում են զինված ուժերի լեռնագնացների թիմի կազմի մեջ:

Մի քանի տարի հասարակական հիմունքներով մարզիչ է աշխատել, որին զուգահեռ կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ավիացիոն գործարանում:

Նա պրոֆեսիոնալ է եղել որպես լեռնագնացության մարզիչ, իր ղեկավարած թիմը երկրում ուժեղագույններից մեկն է եղել` ամեն տարի արժանացել է մեդալների: Նրա սաներից շատերը դարձել են չեմպիոններ:

Լեվ Սարկիսովը խորհրդային միության զինված ուժերի լեռնագնացության բազմակի չեմպիոն է, արժանացել է լեռնագնացության «Եվրասիական ընկերության» կողմից շնորհվող «Էդելվեյս» շքանշանի: 1999թ. Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարնադզեն պարգևատրել է «Պատվո» շքանշանով: Սարկիսովը «Ձյունե հովազ» տիտղոսակիր է (այն շնորհվում է ԽՍՀՄ-ի բոլոր 7000 մետրանոց լեռնագագաթները հաղթահարած լեռնագնացներին): ԽՍՀՄի 7000 մետր բարձրությամբ լեռների վերելքներն հետևյալ պատկերն ունեն` Կոմունիզմ  (7495մ) երկու անգամ, Պոբեդա  (7439 մ) մեկ անգամ, Լենին  (7134մ) երեք անգամ, Կորժնեվսկի  (7105 մ) մեկ անգամ, Խան-Տենգրի   (7010մ) երեք անգամ: Չորս անգամ վերելք է կատարել Արարատ լեռը, յոթ անգամ` Ուշբա լեռը: Եղել է Ալյասկայի լեռներում, Հիմալայներում, Դենալիում (Մակ-Կինլի):

Լեվ Սարկիսովը Էվերեստ լեռան գագաթ հասել է վրացիների կողմից կազմակերպված կովկասյան թիմի կազմում. այդ թիմը կրում էր «Կովկաս-99» անվանումը: Խմբում ընդգրկված էին կովկասի տարբեր ազգեր: Վրացի հայտնի լեռնագնաց Բենիամին (Բենո) Կաշակաշվիլին 1998թվականին մի հետաքրքիր գաղափար է առաջարկում: Հայ-ադրբեջանական, վրաց-աբխազական հակամարտության ֆոնին նա տեղին է համարում կազմակերպել մի արշավ, որը կապացուցեր, որ այդ ազգերը կարող են համագործակցել և ոչ թե միայն պատերազմել: Բենոն որոշում է մի թիմ կազմել, որտեղ հայն ադրբեջանցու հետ պարանով կապված կլինի, աբխազն էլ` վրացու հետ: Սարկիսովն այդ թիմում պաշտոնապես ներկայացնում էր Հայաստանը: Թիմի կազմում էին` Բենո Կաշակաշվիլին, Աֆի Գիգանին, Բիդզինա Գուդզաբիդզեն, ադրբեջանցի Սարիդան Մուրասգուրովը և հայաստանից Լեվ Սարկիսովը: Բաքվից եկած լեռնագնացը չի կարողանում հասնել գագաթ և Սարկիսովը խոստանում է Սարիդանին, որ անձամբ կամրացնի ադրբեջանական դրոշը Էվերեստի գագաթին և հենց այդպես էլ անում է: Սարկիսովը հարցազրույցներից մեկում ասել է. «Կան մարդիկ, որ կացնով սպանում են քնածին և կան մարդիկ, ովքեր իրենց կյանքը վտանգելով պահում են պարանը: Սարիդանը պահել է իմ պարանը, ես էլ` նրանը»: 12.05.1999թ. առավոտյան ժամը 10:00-ին Էվերեստ լեռան վերելքի «Կովկաս-99» էքսպեդիցիոն խումբի անդամներ Բենո Կաշակաշվիլին, Աֆի Գիգանին, Բիդզինա Գուդզաբիդզեն և Լեվ Սարկիսովը, շերպեր Չավան Ռիտան և Նավենգլան ոտք դրեցին աշխարհի բարձրագույն գագաթին: Լեվ Սարկիսովը գագաթին հասել է 60 տարեկան 160 օրական հասակում, իսկ նախքան նրա գագաթին լինելը իրենից առաջ բարձրացած լեռնագնացը եղել է 60 տարեկան 161 օրական: Այս մեկ օրվա տարբերությամբ Լեվ Սարկիսովը գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց անձ, որ եղել է Էվերեստ լեռան գագաթին: Սարկիսովն Էվերեստի գագաթից դիմել է ողջ աշխարհում բնակվող հայերին, ասելով. «Միասին խաղաղ ապրենք, լավ ապրենք: Ես ձեր ցավը տանեմ: Հե~յ»:

Երբ Լեվ Սարկիսովի Էվերեստի վերելքի մասին տեղեկանում է հայրենասեր, բարերար, ամերիկացի միլիոնատեր Շանթ Հովնանյանը, որոշում է, որ առանձին հայկական թիմ պետք է բարձրանա Էվերեստ: Շանթը Սարկիսովից խորհուրդ է հարցնում, թե որտեղ կարելի է մարզվել Էվերեստին պատրաստվելու համար և Սարկիսվն առաջարկում է մարզվել Պամիրում կամ բարձրանալ Դենալին (Մակ-Կինլին): Որոշվում է թիմի կազմը` Լեվ Սարկիսով,  Հայկ Տոնոյան, Սաշա Մաիլյան, Իգոր Խալաթյան և Շանթ Հավնանյանն իր կուբացի ընկերոջ հետ: Հովնանյանը մեծ գումարներ է հատկացնում այդ գաղափարն իրականացնելու համար: Մասնակիցներին հրավիրում է Նյու-Յորք, ապահովում է վերելքի համար անհրաժեշտ բոլոր թանկարժեք հանդերձանքով, որից հետո ուղևորվում են Մակ-Կինլի: Սարկիսովն այդ վերելքի ժամանակ վնասվածքներ է ստանում և Հայկ Տոնոյանը իր ուսերի վրա Սարկիսովին իջեցնում է ճամբար: Բարեբախտաբար Սարկիսովի ստացած վնասվածքները արգելք չհանդիսացան խմբի վերելքի համար: Սարկիսովն ասում է, որ իր կյանքով Հայկ Տոնոյանին է պարտական: Ինչ-ինչ պատճառներով Էվերեստի վերելքն այդպես էլ ավարտին չհասավ:

ՀՀ վարչապետի 27.07.2016թ. թիվ 32 որոշմամբ Լեվ Սարկիսովին շնորհվեց շնորհակալագիր` լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար: