Աղվան Չատինյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Երևանի պատվավոր քաղաքացիների անվանացանկը համալրվեց նաև Աղվան Չատինյանի անվամբ։

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով և բացառիկ մեծ վաստակով նպաստել են Երևանի բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, իրենց կյանքում ու անցած ուղով նպաստել են ժողովուրդների բարեկամությունը և խաղաղության հաստատմանը, անուրանալի ավանդ ունեն մշակույթիարվեստի, գրականության կամ գիտության զարգացման բնագավառում։

20.04.2021 թ․-ին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը հանդիսավոր պայմաններում հանձնվեց Աղվան Չատինյանին, որն ամրագրվեց «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու վերաբերյալ քաղաքապետի որոշումամբ, Երևանի զինանշանն ու պատվավոր քաղաքացու կոչումը պատկերող մեդալով և Երևանի պատվավոր քաղաքացու վկայականով։

Աղվան Չատինյանը ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող է, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար»: Աղվան Չատինյանը Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առաջին ուսանողներից է եղել, ով ավարտելով ինստիտուտը մնացել է մայր ԲՈՒՀ-ում որպես դասախոս և շուրջ 60 տարի դասավանդել։ Հիմնադիր է այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են  դահուկային սպորտը, լեռնագնացությունը, խոտի հոկեյը, փրկարարական գործը։ Դեռևս 2019թվականի դեկտեմբերին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ձեռնամուխ է եղել «կիրառական մարզաձևերի ամբիոնը» վերանվանել «սպորտային տուրիզմի և փրկարար գործ», որը կրելու է Աղվան Չատինյանի անունը։ 

Նա 1961 թվականին Հայաստանում հիմնադրել է ձմեռային երկամարտ (բիաթլոն) մարզաձևը, իսկ 1969 թվականին՝ մականախաղը։ Եղել է այդ մարզաձևերի հավաքական թիմերի առաջին ավագ մարզիչը։ 1962 թվականից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը եղել է Հանրապետության միակ ավագ մարզիչը, որ ներկայացրել է Հայաստանը ԽՍՀՄ ամառային և ձմեռային սպարտակիադաներում, գրավել միջինից բարձր տեղեր, մարզիկներին ապահովելով սպորտի վարպետի կոչումներ։ Բազմիցս մասնակցել է ԽՍՀՄ լեռնագնացության միութենական և Կովկասի առաջնություններին, ունեցել հաղթանակներ։ 1958 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում և ընդգրկվել է ԽՍՀՄ լեռնագնացների հավաքական թիմում, 1958 թվականին մասնակցել է Պամիրում անցկացվող սովետա–չինական  էքսպեդիցիային։ Աղվան Չատինյանը վեց անգամ մասնակցել է ժայռամագլցման համամիութենական հավաքների և հաղթանակներ ունեցել:
1952թվականին մասնակցել է Արզնիում կազմակերպված ժայռամագլցման մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը: Աղվան Չատինյանը սպորտային վերելքներ իրականացրել է մինչև 1961թ.-ը, բարձրանալով հետևյալ լեռնագագաթները՝ Ոշբա-Շխելդա տրավերս, Ուշբա խաչ, Մագրա (4-րդ կարգի բարդություն), Դոնգուս (4-րդ կարգի բարդություն), Էլբրուս, Ուլու-Տաու Չանա (Աբալակովի ուղիով, Կենտրոնական կովկաս), Դամբայ-Ուգեն տրավերս (Արևմտյան Կովկաս), Ամանաուզ հարավային պատով, Մաշող Մամեդով (Միջին Ասիա), Պիոներ (Պամիր), Տագար, Պիկ Պերվոյե Մայա (Կովկաս), Պիկ Ավիացիա (Կենտրոնական Կովկաս), Կիրպիչ և այլ լեռներ:
Վերը թվարկված կենսագրական տվյալները վկայում են, որ Աղվան Չատինյանը արժանի էր ստանալ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը, քանի որ նա մեծ ներդրում ունի ինչպես կրթական և սպորտային բնագավաում, այնպես էլ լեռնագնացության զարգացման, տարբեր երկրների հետ բարեկամական հարաբերությունների հաստատման գործում։ Նա մինչ օրս էլ ոգեշնչման օրինակ է երիտասարդների համար, ովքեր Աղվան Չատինյան կերպարի ուժով կարողանում են հաղթահարել իրենց առջև ծառացած դժվարությունները՝ լինի դա լեռնային վերելքների, թե նոր ծրագիր ձեռնարկելու բնագավառում։