ՍՏԵՓԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ստեփան Մուրադյան՝ լեռնագնաց, ով սուբյեկտիվ պատճառներով հնարավորություն չստացավ բարձրանալ Պոբեդա լեռնագագաթը և ստանալ ‹‹Ձնե Հովազ›› տիտղոսը:

Ծնվել է 1929 թվականին: Ճարտարապետ է, նախագծել է արդյունաբերական օբյեկտներ: Վերջին աշխատանքը Գյումրիի շաքարի գործարանի կառուցումն էր, որի գլխավոր ճարտարապետն է եղել: Զբաղվել է ոչ պրոֆեսիոնալ սպորտով՝ թեթև ատլետիկա և դահուկավազք: Ալպինիզմի 1-ին կարգի հրահանգիչ, լեռնափրկարար, միջազգային դասի սպորտի վարպետ։ Մոտ 200 սպորտային վերելքներ է կատարել Կովկասյան լեռներում և  Պամիրի լեռներում, որից 6-ը 7000-ից բարձր լեռնագագաթների վրա։

Ճանապարհորդների մասին գրքեր կարդալիս, միշտ մտածել է, հնարավորություն կունենա արդյո՞ք գոնե մեկ աչքով տեսնել նման վայրեր: Պոլիտեխնիկական ինստիտուտի ֆակուլտետում սովորելու տարիներին մասսայական վերելքների էին իրականացվում Արագած լեռ, Ստեփան Մուրադյանը ղեկավարում էր դրանք: Այդ վերելքները նա ալպինիզմ չի համարել, քանի որ ըստ նրա խոսքերի, ալպինիզմում պետք է պայքար լինի, իսկ Արագած լեռան վրա դա չկար: Այդ տարիներին առաջարկ է ստանում մասնակցել Էլբրուս լեռան վերելքին: Սակայն խմբի ղեկավարի որոշմամբ գագաթ չեն բարձրանում: Էլբրուսի փոխարեն վերելք են իրականացնում Կոգուտայ լեռը (1Բ-2Ա): Համարում է, որ հենց այս վերելքից սկսվեց Ստեփան Մուրադյան լեռնագնացի պատմությունը: Լեռնագնացությունն իր համար եղել է մասնագիտություն և ոչ թե հրապուրանք:

1958 թ. մասնակցել է Ակսաութ լեռնային զանգվածի ամբողջական անցմանը՝ տրավերսին, որի համար արժանացել է Բուրեվեստնիկ միութենական կամավոր սպորտ ընկերության առաջին կարգի դիպլոմին։

1959 թ. մասնակցել է ДСО Буревестник-ի միջոցով կազմակերպված միութենական բարձր լեռնային վերելքների արշավախմբին։ Եղել է այդ միջոցառման հետախուզական խմբի անդամ, որը ղեկավարում էր սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ առաջին «Ձնե Հովազ» կոչմանը արժանացած Ե. Ի. Իվանովը։ Առաջին վերելքը դեպի Կոմունիզմ լեռնագագաթը Մուրադյանի համար հաջող չստացվեց, Գառմո սառցադաշտը անցնելու ժամանակ ստացել է աջ ոտքի վնասվածք՝ սրունքի երկու ոսկորների կոտրվածք։ Երկարատև բուժումից հետո կարողացել է հաջորդ 1960 թվականին մասնակցել Կաբարդինո-Բալկարիայի և Հյուսիսային Օսեթիայի կողմից կազմակերպված Էլբրուս և Կազբեկ լեռնագագաթների հոբելյանական վերելքներին։

1960-1990 թթ. աշխատել է Կովկասում և Պամիրում ալպինիստական ճամբարներում, մասնավորապես 1984-1985 թթ. Պամիրի միջազգային ճամբարում։

Իրեն համարում է հաջողակ հայ լեռնագնաց, քանի որ հնարավորություն է ունեցել մասնակցել Սովետական Միությունում կազմակերպված 3 խոշորագույն ալպինիստական միջոցառումների և դրանց շրջանակում իրականացնել միջազգային վերելքներ:

1-ինը՝ 1967 թ. միջազգային վերելք դեպի Լենին (7134մ) լեռնագագաթ, որը նվիրված էր Հոկտեմբերյան Հեղափոխության 50 ամյանակին՝ անդամներն էին Ս. Մուրադյանը (ղեկավար), Ա. Գոլեցյանը, Է. Պողոսյանը, Լ. Օհանյանը։ Վրելքը կատարվել է Լիպկինի ժայռեր կոչված ուղիով։ Այս վերելքի ժամանակ հայկական խումբն աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ, հանգստությամբ և համերաշխությամբ: Ս. Մուրադյանը այս վերելքը ամենակարևորներից է համարում, քանի որ այն հայ լեռնագնացների համար սկիզբ դրեց 7000+ վերելքների իրականացմանը: Նախքան վերելքը մարզվել են Հատիս լեռը բարձրանալով:

2-րդը՝ 1969 թ. միջազգային վերելք, որը նվիրված էր Վ. Լենինի ծննդյան 100 ամյակին: Այդ միջոցառմանը հրավիրված էին ոչ թե պետություններ, այլ անհատ լեռնագնացներ, որոնց կազմում նաև Ստեփան Մուրադյանն էր։ Վերելքը կատարվել է Պիկ Ռազդելնայա (6148մ) լեռնագագաթի վրայով։

3-րդը՝ 1972 թ. միջազգային վերելք Կոմունիզմ (7495մ) լեռնագագաթ, որը նվիրված էր ԽՍՀՄ կազմավորման 50 ամյակին։ Մասնակիցները՝ Ռ. Հարությունյան (ղեկավարներն էր, ով հիվանդության պատճառով վերելքին չկարողացավ մասնակցել), Վ. Կարճիկյան, Ս. Մուրադյան, Է. Պողոսյան։ Վերելքը կատարվել է Պամիրյան սարահարթով։

1985 թվականին՝ 56 տարեկան հասակում Ստեփան Մուրադյանը երրորդ անգամ վերելք է կատարում Լենին գագաթ Սկառլուտովի ուղիով:

1995 թ. միջազգային վերելք է իրականացրել Էբրուս (5642մ) լեռնագաթ, որը կատարվել է ԽՍՀՄ փլուզումից հետո և նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 50 ամյակին (կազմակերպիչ Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի խմբի ղեկավար Ս. Մուրադյան)։ Այս վերելքի ժամանակ, վատ եղանակի պատճառով, կոնֆլիկտ է տեղի ունենում: Ռուսական խմբերի ղեկավարներն արգելում են իրենց խմբի անդամներին վերելք կատարել և Ստեփան Մուրադյանին ևս ասում են, որ վերելք չիրականացնի: Սակայն Ստեփան Մուրադյանը որպես առանձին պետության ներկայացուցիչ, իր թիմի հետ բարեհաջող վերելք է իրականացնում:

Հետագա տարիներին Հայաստանի լեռնագնացների ակումբի տնօրեն Ա. Նեսիսյանը կազմակերպել է մի քանի արշավախումբ դեպի Թուրքիա Արարատ լեռը բարձրանալու համար։ 1995 և 1999 թթ. թուրքական իշխանությունները թույլ չտվեցին վերելք կատարել։ 2007 թ. կարողացան վերելք կատարել Արարատ լեռը։ 78 ամյա Ս. Մուրադյանը վերջապես կարողացավ կանգնել Արարատի գագաթին։

1829 թ. Պարրոտի արշավախումբը, որին մասնակցում էր մեր մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարեհաջող հաղթահարեցին Արարատ լեռան բարձրությունը։ 180 տարի անց՝ 2009 թվականին 80 ամյան Ս. Մուրադյանը ցանկացավ  նորից բարձրանալ Արարատ լեռը։ Սեպտեմբերի վերջերին եղանակները Արարատ լեռան վրա անբարենպաստ են լինում։ Վերելքի մասնակիցները, չնայած եղանակային շատ վատ պայմաններին, 5000 մետրի սահմանագիծը արդեն անցել էին և թվում էր, որ կհասնեն գագաթ։ Բայց ուժեղ քամին, ձյունը, խիտ մառախուղը ստիպում են, որ վերելքի մասնակիցները դադարեցնեն վերելքը։ Երբ հասնում են 4200 մ բարձրության վրա գտնվող ճամբար քուրդ ուղեկցորդին կայծակ է խփում, իրենց հաջողվում է փրկել ուղեկցորդի կյանքը և առանց կորուստների ցած իջնել:

Ըստ Ստեփան Մուրադյանի հեշտ և բարդ լեռներ չկան, քանի որ շատ բան կախված է եղանակից: Եղանակի պատճառով հեշտ թվացող լեռան վերելքը կարող է բարդ լինել, իսկ լավ եղանակային պայմաններում հեշտությամբ բարձրանալ բարդ լեռ:

 

Նյութը՝ Նարինե Ճաղարյանի