ԳՐԻԳՈՐ ՏԱՏՈՒՐՅԱՆ

Գրիգոր Հակոբի Տատուրյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 23-ին։ Ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժիներ-էլեկտրիկ է։
Արշավների նկատմամբ սերը ձևավորվել է դեռեւս դպրոցական տարիներից, երբ 8-10-րդ դասարաններում մասնակցում էր ուսուցչի կողմից Հայաստանում եւ Վրաստանում կազմակերպվող արշավներին: Մի օր էլ ուսուցիչը նրան նվիրել է Ալեքսանդր Կուզնեցովի «Ներքեւում Սվանեթն է» (А. Кузнецов, «Внизу-Сванетия») գիրքը, նվիրված լեգենդար լեռնագնաց Միխայիլ Հերիգանիի հիշատակին, որն ամբողջությամբ կլանել է նրան ու ձեւավորել լեռների հանդեպ սերը: Հենց այդ ժամանակ էլ նա նպատակադրվել է ինչ որ մի օր բարձրանալ Ուշբա լեռը եւ հետագայում իրականացնել այդ նպատակը` 4 անգամ բարձրանալով Ուշբան տարբեր բարդության ուղիներով:

Ալպինիզմով ավելի լուրջ սկսել է զբաղվել 1979 թվականից, երբ, արդեն իսկ լինելով Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, միանում է վերջինիս կազմում գործող ալպինիստական խմբակին։ Մարզումներն իրականացնում էր Տոնոյան Հայկը: Խմբակի կազմում էին նաեւ արդեն փորձառու ալպինիստներ Ալեքսանդր Աղաբաբյանն ու Ալեքսանդր Մաիլյանը:

Գրիգոր Տատուրյանի առաջին ալպինիստական ճամբարը եղել է Ադիլ Սուն (Կաբարդինո-Բալկարիա, Կենտրոնական Կովկաս), որտեղ նրան մարզել է Վ․ Ն․ Կիրովը։ Ադիլ Սուից հետո եղել է նաեւ «Տորպեդո» (1980թ., Ռուսաստան), «Դոմբայ» (1981թ., Ռուսաստան), «Այլամա» (1982թ., Վրաստան), «Բեզենգի» (1983թ., Ռուսաստան) ալպինիստական ճամբարներում:

Առաջին լուրջ վերելքներից է եղել Վիատաու լեռը` 3742մ:

1983 թվականին ավարտել է ալպինիզմի հրահանգիչների դպրոցը եւ ալպինիստական ճամբարներում, սպորտային հավաքների ժամանակ աշխատել է որպես հրահանգիչ։

1984 թվականին ստացել է «Փրկարարական ջոկատ» շքանշանը։ Մասնակցել է լեռներում իրականացվող մի քաշր փրկարարական աշխատանքների:

1988-1989 թվականներին ԽՍՀՄ Զինված Ուժերի ալպինիզմի տարբեր դասերի առաջնություններում Գրիգոր Տատուրանը 4 անգամ ճանաչվել է չեմպիոն:

Գրիգոր Տատուրյանն ունեցել է ավելի քան 100 վերելք, որոնցից 20-ը` 5Բ-6 բարդության։ Լավագույն վերելքներից են՝

  • Ուշբայի «Խաչ», բարձրություն՝ 4710մ, բարդություն՝ 5Բ (09․07․1985թ․), որն իրականացրել է Տոնոյան Հայկի հետ միասին,
  • Պիկ Էնգելս` Ջոխաձեի ղեկավարությամբ, բարձրություն՝ 6510մ, բարդություն՝ 5Բ (19․08․1985թ․),
  •  Չապդառա` Տոնոյան Հայկի ղեկավարությամբ, բարձրություն՝ 5049մ, բարդություն՝ 5Բ (02․07․1986թ.),
  • Պիկ Լենին, բարձրություն՝ 7134մ, բարդություն՝ 5Ա (01․07․1987թ․),
  • Պիկ Կոշտան-տաու` Տոնոյան Հայկի ղեկավարությամբ, բարձրություն՝ 5151մ, բարդություն՝ 5Բ (14․07․1988թ․),
  • Պիկ Կռումկոլ` Տոնոյան Հայկի ղեկավարությամբ, բարձրությունը` 4676մ, բարդություն՝ 6Ա (25․07․1988թ․),
  • Պիկ Ռեվոլյուցիա` Լեւ Սարկիսովի ղեկավարությամբ, բարձրություն՝ 6940մ, բարդություն՝ 6Ա (22․08․1988թ․),
  • Ուշբա` Բ․ Ս․ Գուջաբիձեի ղեկավարությամբ. բարձրություն՝ 4710, բարդություն՝ 6Բ (Կուստովսկու երթուղիով, 30․07․1989թ․),
  • Ուշբա` հյուսիսային (բարձրությունը` 4690մ, բարդությունը` 6Բ) եւ հարավային (բարձրությունը` 4710մ, բարդությունը` 6Բ) գագաթներ` Լեւ Սարկիսովի ղեկավարությամբ (1990թ., հունիս),
  • Պիկ Կորժենեւսկի` Լեւ Սարկիսովի ղեկավարությամբ, բարձրությունը` 6595, բարդությունը` 5Ա (1990թ., հուլիս),
  • Պիկ Կոմունիզմա` Բ. Գուջաբիձեի ղեկավարությամբ, բարձրությունը` 7495մ, բարդությունը` 5Բ (1990թ., օգոստոս):

1986 թվականին 6 հայ տղաների հետ միասին Գրիգոր Տատուրյանը մեկնում է Տյան Շան եւ հաղթահարում Պիկ Կորժենևսկու բարձունքը` բավականին լավ արդյունքներ ցուցաբերելով: Գրիգոր Տատուրյանը պատմում է, որ մարզումների առաջին օրը սկսել են մարզվել մոտակա ժայռերի վրա, որոնք նախատեսված են եղել 5-րդ կարգի քննությունները հանձնելու համար, իսկ մարզիչները հետևել են իրենց հեռադիտակով։ Հետևելով հայերի մարզումներին՝ մարզիչները քննության ժամանակ պահանջել են միայն նրանց ալպինիստական գրքույկները, քանի որ տեսել են, թե ինչ անթերի են վերջիններս մագլցում ժայռերի այդ բավականին բարդ հատվածներում։

Ճամբարներում և վերելքների ժամանակ հետաքրքրաշարժ, զավեշտալի և անգամ վտանգավոր պատմությունների պակաս չի եղել: Գրիգոր Տատուրյանը պատմում է, որ Ալատաու ճամբարում, Հյուսիսային Ալբատրոս բարձրանալու ժամանակ մի խումբ ալպինիստներ, երթուղի ուշ դուրս գալու պատճառով, մնացել են քարահոսքի տակ ու վնասվածքներ ստացել: Բոլորն իջել էին լեռից` առանց վերջիններիս որեւէ օգնություն ցուցաբերելու, իսկ հայ լեռնագնացների խումբը որոշում էր կայացրել մեկ գիշեր սպասել եւ օգնել նրանց։ Ասում է, որ Ալատաու ճամբարը գեղեցիկ վայր էր և երեկոյան մարզիկներին հրավիրում էին մի սեղանի շուրջ, զրուցում, կիսվում վերելքների վերաբերյալ պատմություններով և մտքերով։ Ճամբարի կազմակերպիչների խոսքերով այլ երկրների մարզիկների կողմից նման դրսևորում չէր նկատվում, նրանք գնում էին միայն լրացնելու իրենց 3-4-րդ կարգերը եւ վերջ։

Ըստ Գրիգոր Տատուրյանի, եղել են դեպքեր, երբ 5-րդ կարգի բոլոր լեռները «փակ» են եղել, վերելքներն` արգելված, և շատերին նույնիսկ իջեցրել են իրենց երթուղիներից, բայց հայ լեռնագնացներին հաղորդել են, որ աշխատում են ըստ պլանի և թույլատրել են վերելք իրականացնել։ Ասում է` «Ինչ սար ուզում էինք, թողում էին»։ Մի անգամ այլազգի ալպինիստները բողոքում են Պերսիանովին, ով ջոկատի հրամանատարն էր, թե, հայերը նույն մակարդակի հմտություններ ունեն ինչ իրենք, բայց վերջիններիս թույլատրում են վերելք իրականացնել, իսկ իրենց՝ ոչ, իսկ Պերսիանովը, որ հումորով եւ կատակասեր անձնավորություն էր, պատասխանում ` «Ինչպես, չգիտե՞ք, հայերն ամեն վերելքից հետո մեզ կոնյակ են բերում, դրա համար էլ թողնում ենք»:

Տատուրյանի խոսքով` չնայած այն հանգամանքին, որ այդ տարիներին հայ լեռնագնացներն առանձնապես գույք չունեին եւ անգամ ամրակներն ու անձնական հագուստն իրենց ձեռքով էին կարում կամ մեծ դժվարությունների գնով ձեռք էին բերում արտասահմանից, այնուամենայնիվ լեռներ բարձրանում էին մեծ ոգեւորությամբ եւ ձգտումներով: Ասում է` ալպինիստ դառնում են նպատակասլաց պարապմունքներով եւ վերելքների փորձ ձեռք բերելով, այլ ոչ թե խոսքով, ու հետո հավելում, որ ցանկացած պարագայում պետք է անպայման հաշվի առնել նաեւ ալպինիզմի վտանգավոր ու բարդ լինելը:

Ինչպես ցանկացած լեռնագնացի կյանքում, Գրիգոր Տատուրյանի կյանքում, եւս, եղել են շատ բարդ վերելքներ: Նա հիշում է, թե ինչպես Ուշբայի վերելքն իրականացնելիս եղանակի վատթարացման պատճառով Տոնոյան Հայկի հետ ստիպված են եղել երկու օր մնալ հազիվ վրանին հերիքող մի փոքր տարածքում` ժայռից կապված, ոտքերը դեպի անդունդ ուղղած, տաք թեյ խմել ու սպասել, մինչեւ որ եղանակը կարգավորվի ու կարողանան հասնել գագաթ: Ինչեւէ, Գրիգոր Տատուրյանը նման պատմություններ պատմելու սիրահար չէ, ասում է` զգացողություններն ամբողջությամբ ու ճիշտ ըմբռնելու համար մարդն անձամբ պիտի հայտնվի նման իրավիճակում:
Հայաստանում ալպինիզմի հետագա առաջընթացի դադարեցման պատճառ Գրիգոր Տատուրյանը համարում է Խորհրդային Միության փլուզումը. Վերելքներն հիմնականում իրականացվում էին պետական հովանավորությամբ: «Եթե շարունակվեր նույն կերպ, ապա կկարողանայինք ավելի մեծ հաջողությունների հասնել»-, նշում է նա:

1991թ.-ին Գրիգոր Տատուրյանը հայ ալպինիստների հետ իրականացրել է վերելք դեպի Արարատ լեռ` նվիրելով այն նորանկախ Հայաստանին։

Նյութը` Անուշ Աղաբաբյանի