ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Բարձրության հիվանդությունը (բարձրության հիպոքսիա) հիվանդագին վիճակ է, որը կապված է օդում թթվածնի ճնշման նվազման հետևանքով տեղի ունեցող թթվածնային քաղցի հետ, ինչն առաջանում է լեռների բարձր մասերում, ինչպես նաև հերմետիկ խցիկով չզինված թռչող սարքերով (օրինակ՝ պարապլաններով, դելտապլաններով, ոչ հերմետիկ գոնդոլով զինված օդապարիկով) կատարվող թռիչքների ժամանակ՝ օվկիանոսի մակարդակից 2000մ կամ ավել բարձրություններում:
Բարձրության հիվանդության տարատեսակ է լեռնային հիվանդությունը, որի առաջացման մեջ, թթվածնի անբավարարությունից բացի, դեր ունեն այնպիսի սրող գործոններ, ինչպիսիք են ֆիզիկական հոգնածությունը, օրգանիզմի ջրազրկումը, ցրտահարությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, ծանր եղանակային պայմանները (օրինակ, հաճախակի տեղումները), օրվա ընթացքում ջերմաստիճանի կտրուկ տատանումները (ցերեկը +30 °C -ից մինչև գիշերը −20 °C) և այլն:  Սակայն լեռնային հիվանդության հիմնական պաթոլոգիական գործոնը հիպոքսիան է:
Մարդը ունակ է ադապտացվել բարձրության հիպոքսիային. սպորտսմենները հատուկ վարժեցնում են իրենց, զարգացնում ադապտացվելու ունակությունը, որպեսզի ավելի մեծ սպորտային ձեռքբերումներ ունենան:  Հիպոքսիայի նկատմամբ տևական ժամանակով (ժամեր՝ տասնյակ ժամեր) ադապտացվել հնարավոր է առավելագույնը մոտ 10000 մետր բարձրություններում:  Նման բարձրություններում մարդը ավելի երկար չի կարող մնալ առանց թթվածնային շնչառական սարքերի: Առանց թթվածնի երկար մնալը կհանգեցնի մահվան:
Բարձրությունը, որում կարող է զարգանալ լեռնային հիվանդությունը, փոփոխական է, կախված է բազմաթիվ գործոններից՝ ինչպես անհատական, այնպես էլ կլիմայական:
Լեռնային հիվանդության վրա ազդում են հետևյալ անհատական գործոնները.
-մարդկանց անհատական դիմացկունությունը թթվածնի անբավարարության նկատմամբ (օրինակ՝ լեռներում ապրող մարդկանց),
-սեռը (կանայք ավելի լավ են դիմանում հիպոքսիային),
-տարիքը (երիտասարդները ավելի վատ են դիմանում հիպոքսիային),
-ֆիզիկական և հոգեկան վիճակը,
-մարզվածության աստիճանը,
-բարձրություն հավաքելու արագությունը,
-թթվածնային քաղցի աստիճանը և տևողությունը,
-մկանային լարվածության ինտենսիվությունը,
— բարձրության փորձը:
Հաջորդիվ թվարկված գործոնները նպաստում են լեռնային հիվանդության զարգանալուն և նվազեցնում են մեծ բարձրությունների հաղթահարման հնարավորությունը.
-արյան մեջ ալկոհոլի կամ կոֆեինի առկայությունը,
-անքնությունը, գերհոգնածությունը,
-հոգեկան, զգայական լարվածությունը,
-գերսառեցումը,
-անորակ և ոչ ռացիոնալ սնվելը,
-ջրա-աղային ռեժիմի խախտումը, ջրազրկումը,
-մարմնի ավել զանգվածը,
-շնչառական և այլ խրոնիկ հիվանդությունները (օրինակ՝ անգինա, բրոնխիտ, թոքերի բորբոքում, խրոնիկ թարախային ստոմատիտ),
-արյան կորուստը:
Ստորև թվարկված կլիմայական գործոնները նպաստում են լեռնային հիվանդության առաջանալուն և առավել արագ զարգանալուն.
-Ցածր ջերմաստիճանը:  Բարձրության մեծացմանը զուգընթաց օդի միջին ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մ բարձրությունում նվազում է 0,5 °C-ով (ձմռանը՝ 0,4 °C, ամռանը՝ 0,6 °C):  Նույն բարձրության վրա գտնվելիս, ձմռանը ավելի հաճախակի է առաջանում լեռնային հիվանդությունը, քան ամռանը: Ջերմաստիճանի կտրուկ անկումը նույնպես անբարենպաստ ազդեցություն է ունենում:
-Խոնավությունը:  Մեծ բարձրություններում ցածր ջերմաստիճանի պատճառով օդի հարաբերական խոնավությունը ցածր է:  2000մ և ավել բարձրություններում օդի խոնավությունը կրկնակի անգամ ավելի փոքր է, քան նույն տեղանքի ծովի մակարդակին հավասար բարձրություններում:  Մեծ լեռնային բարձրություններում օդը պրակտիկորեն դառնում է չոր (հագեցած ջրային գոլորշու ճնշումը աննշան է):  Սա հանգեցնում է մաշկի ու թոքերի միջոցով օրգանիզմում հեղուկի ուժեղ կորստի, հետևաբար՝ օրգանիզմի ջրազրկման:
-Քամին:  Լեռների բարձր մասերում քամին կարող է մրրկալից ուժ ստանալ (ավելի քան 200 կմ/ժ), ինչը գերսառեցնում է օրգանիզմը, հյուծում է ֆիզիկապես ու հոգեպես, դժվարեցնում է շնչառությունը:
Վերը թվարկված գործոնների համակցությամբ պայմանավորված՝ լեռնային հիվանդության զարգացումը տարբեր մարդկանց համար և տարբեր պայմաններում միանգամայն տարբեր է լինում: Ոմանք սկսում են թթվածնային անբավարարությունից տառապել արդեն 2000մ բարձրությունում, ոմանք էլ դրա ազդեցությունը չեն զգում անգամ 4000մ-ում:
Դաշտավայրերի առողջ և չկլիմայավարժեցված բնակիչների մեծ մասը բարձրության ազդեցությունը սկսում են զգալ 2500-3000մ գոտում, իսկ լարված ֆիզիկական աշխատանքի դեպքում՝ ավելի փոքր բարձրություններում:  Մոտ 4000մ բարձրությունում անգամ բացարձակ առողջ մարդկանց մոտ ի հայտ է գալիս թեթև տկարություն, իսկ սուր լեռնային հիվանդություն գրանցվում է վերելք կատարողների 15-20%-ի մոտ:  6500-7000մ բարձրություններում լիարժեք կլիմայավարժում, ըստ էության, անհնար է ընդհանրապես, ուստի արշավների մասնակիցները ութհազար մետրանոց լեռներում նկատում են բազմաթիվ ֆունկցիոնալ խախտումներ և լեռնային հիվանդության զարգացման հատկանիշներ:  Բարձր լեռնային ալպինիզմում գոյություն ունի «մահացու գոտի» կամ «մահվան գոտի» եզրույթը:  Այն ներմուծել է 1952թ. Էվերեստ բարձրացող շվեյցարական արշավախմբի ղեկավար Է.Վիսս-Դյունանը, ով կարծիք է հայտնել, որ գոյություն ունեն սահմաններ, որոնցից բարձր գնալը մահացու է լեռնագնացների համար:  8000մ-ից մեծ բարձրություններում մարդը կարող է գտնվել օրգանիզմի ներքին պահոցների հաշվին՝ ոչ ավել քան 2-3 օր, աստիճանաբար կորցնելով դիմադրողականությունը բարձրության ազեցության նկատմամբ: Իհարկե վերջին ժամանակաշրջանում  հիմալայան վերջին արշավախմբերի փորձը, որոնց ժամանակ շատ մասնակիցներ աստիճանական կլիմայավարժեցումից հետո չէին օգտագործում թթվածնային սարքեր, մի քանի անգամ մեծացնում է մեր պատկերացումները թթվածնային անբավարարության նկատմամբ ադապտացիայի վերաբերյալ:
Լեռնային հիվանդության առաջացման համար սկզբնական բարձրությունը կախված է կլիմայից և օդի խոնավությունից.
խոնավ ծովային կլիմա ունեցող լեռներում՝

  • Կամչատկա — 1000-1500 մ
  • Պատագոնիա — 1000-1500 մ
  • Ալպեր — 2500-3000 մ
  • Կովկաս — 3000-3500 մ
  • Անդեր — 4000 մ

չոր մայրցամաքային կլիմա ունեցող լեռներում՝

  • Տյան Շան — 3500 մ
  • Պամիր — 4500 մ
  • Հիմալայներ —5000 մ-ից

Մարդկային մարմինը ամենից լավ գործում է ծովի մակարդակին հավասար բարձրությունում, որտեղ մթնոլորտային ճնշումը հավասար է 101,325 Կպա-ի կամ 1013,25 մբար-ի (այսինքն հավասար է 1 մթն-ի):  Ծովի մակարդակում օդում թթվածնի (O2) խտությունը կազմում է 20,9 %՝  O2 (PO2) 21,2 Կպա ճնշման դեպքում:  Ընդ որում առողջ մարդկանց մոտ հեմոգլոբինը հագենում է թթվածնով, որը միանում է արյան կարմիր գնդիկներին:  Երբ մարդը ծովի մակարդակից  բարձրանում է 2100մ բարձրություն, օրգանիզմի՝ օրգանիզմում հեմոգլոբինի (թթվածնին միացած հեմոգլոբինի սպիտակուցով) հագեցածությունը սկսում է նվազել:
Բարձրության մեծացմանը զուգընթաց մթնոլորտային ճնշումը նվազում է, մինչդեռ O2-ի մասնաբաժինը անփոփոխ է մնում մինչև մոտ 100կմ բարձրությունում, ինչի պատճառով PO2-ը նույնպես էքսպոնենցիալ կերպով նվազում է բարձրության մեծացմանը զուգընթաց:  Էվերեստ լեռան բազային ճամբարի բարձրությունում՝ ծովի մակարդակից 5000մ բարձրությունում, PO2 ճնշումը կազմում է ծովի մակարդակում առկա PO2 ճնշման մոտ կեսը, իսկ Էվերեստի գագաթին՝ 8,848մ բարձրությունում՝ միայն մեկ երրորդը:  Երբ PO2 նվազում է, մարդկային մարմինը պատասխանում է հարմարվողականության ռեակցիաներով՝ բարձր լեռնային կլիմայավարժեցմամբ:
Հարմարվողականության ռեակցիաները ուղղված են, մի կողմից, օրգանների ու հյուսվածքների նորմալ թթվածնային մատակարարումը պահպանելուն, մյուս կողմից՝ էներգիան ավելի խնայողաբար ծախսելուն և թթվածնային քաղցի պայմաններում կենսագործունեությունը պահպանելուն:  Նման կոմպենսատոր ռեակցիաների թվին են դասվում.
-ուժեղ թոքային օդափոխումը,
-արյան մեջ թթվածնի պարունակության բարձրացումը էրիտրոցիտների՝ արյան պահեստներից՝ փայծաղից, լյարդից դուրս գալու հաշվին: Տևական ժամանակ հիպոքսիայի պայմաններում մնալու դեպքում նկատվում է հեմոգլոբինի քանակի ավելացում,
-րոպեում շրջանառվող արյան ծավալի մեծացում, արյան հոսքի արագացում,

Տեղի են ունենում նաև ռեակցիաներ հյուսվածքների մակարդակում.
-աճում են մազական երևույթները (կապիլյար),
-մեծանում է միոգլոբինը կամ մկանագլոբինը,
-կատարելագործվում են օքսիդացնող-վերականգնող գործընթացների կարգավորման համակարգերը և այլն:
Մինչև 2000-4000մ բարձրություն մագլցելիս թթվածնի անբավարարությունը առողջ մարդկանց մոտ կոմպենսացվում է առանց առողջությանը որևէ վնաս հասցնելու (առնվազն՝ տեսողականորեն):

Պարբերական շնչառություն.

Թոքերի հիպերօդափոխման արդյունքում արյան մեջ նվազում է ածխաթթու գազի պարունակությունը, ինչի արդյունքում զարգանում է շնչառական ալկալոզ (արյան պլազման և օրգանիզմի հեղուկը ձեռք են բերում ալկալիական ռեակցիա):  CO2 ‹‹լվացման››  հետևանքով խախտվում է շնչառությունը, քանի որ արյան մեջ ածխաթթու գազի ավելցուկը գրգռում է շնչառական կենտրոնը:  СО2 -ի ցածր խտության դեպքում սա հանգեցնում է շնչառության խանգարումների՝ օրգանիզմում շնչառական նյարդային ենթահամակարգի ակտիվության ճնշման պատճառով:  Քանի դեռ մարդը արթուն է, նրա գիտակցությունը ազդանշաններ է տալիս ներս շնչելու համար:  Քնի ժամանակ, երբ գիտակցությունը թուլանում է, առաջանում է մի երևույթ, որն անվանվում է պարբերական շնչառություն կամ Չեյն-Ստոկսի շնչառություն. մի քանի վայրկյանով (մինչև 10—15) շնչառությունը կանգ է առնում, որից հետո վերականգնվում է, սկզբում՝ կրկնակի ուժով:  Առաջին երևույթը կապված է ուղեղի՝ СО2-ի անբավարարության նկատմամբ ռեակցիայի հետ, երկրորդը՝ О2-ի կրիտիկական ցածր մակարդակի նկատմամբ ռեակցիայի հետ:  Գործնականում այն հետևյալ կերպ է կատարվում՝ մարդն արթնանում է, քանի որ խեղդվում է: Լեռնագնացներն այս զգացողությունը նկարագրում են չափազանց տհաճ է:
Այնուամենայնիվ, շնչելուց հետո մարդը կյանք է վերադաառնում և կարող է շարունակել հանգիստ քնել:  Չնայած տհաճ զգացողությանը սա օրգանիզմի նորմալ ռեակցիան է բարձրությանը, և այս երևույթն առանձին վերցրած լեռնային հիվանդության հատկանիշ չէ:

Այտուցի առջացման մեխանիզմները.

Վերելքին զուգընթաց հիպոքսիան մեծանում է, քանի որ օրգանիզմի կոմպենսատորային գործառոյթները արդեն չեն ապահովում բավարար փոխհատուցում:  Շրջապատող օդում թթվածնի բացակայությունը հանգեցնում է թոքերում թթվածնի ճնշման նվազման և զարկերակայն արյան՝ թթվածնով հագեցվածության նվազման, ինչի հետևանքով առաջանում է թոքերի և գլխուղեղի այտուց: 
Գոյություն ունի տեսակետ, որ սուր լեռնային հիվանդության կլինիկական դրսևորումների հիմքում ընկած է գլխուղեղի մեծացող այտուցը:
Մարդու մոտ, ամենազգայուն և հիպոքսիայի հետ կապված հյուսվածքները` գլխուղեղի և թոքաբշտիկների հյուսվածքներն են, քանի որ վերջինները թթվածին ստանում են անմիջապես օդից:  Հենց այս հյուսվածքների՝ թթվածնով ոչ բավարար հագեցվածությունն էլ պատճառ է դառնում դրանցում այտուցային գործընթացների զարգացման:

Թոքերի և գլխուղեղի այտուցի հիմնական պատճառները հետևյալն են.

  1. ճնշման բարձրացումը անոթներում և մազանոթներում՝ ի հաշիվ դրանց կծկման, օրգանիզմում ջրի կանգի և արյունաբեր երակում արյան «լճացման»,
  2. մազանոթի պատի թափանցելիության բարձրացումը, ինչը հանգեցնում է պլազմայի հեղուկ տարրերի՝ միջբջջային տարածություն դուրս գալուն,
  3. բջջաթաղանթի թափանցելիության բարձրացում — հիպոքսիան խախտում է բջջաթաղանթի ընտրողական թափանցելիությունը, ինչի արդյունքում բջջի ներսի ու դրսի իոնների խտությունները սկսվում են հավասարվել, այսինքն բջիջը կորցնում է К+ իոնները և գերբեռնվում է Na+, Ca+2 իոններով,
  4. արյան պլազմայի օսմոտիկ ճնշման նվազումը — օրգանիզմում նատրիումի խտության հավասարումը (0,9 %) հանգեցնում է բջիջների ջրապաշարի ավելացման և արյան խտացման:

Հիպոքսիկ մեխանիզմին միանում են այլ մեխանիզմներ ևս.

  • Սրտամկանում նատրիումի անբավարարությունը հանգեցնում է ռիթմախանգարի, սրտի՝ մղման գործառույթների թուլացման, ինչը դրսևորվում է արյունաբեր երակի արյան լճացման մեջ՝ արյունաշրջանառության փոքր (թոքերի այտուցման դեպքում) կամ մեծ (ուղեղի այտուցման դեպքում) շրջանով,
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում (տենդ) — ի պատասխան գերսառեցման, այտուցի, խրոնիկ բորբոքային գործընթացների սրման և այլնի՝ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է: Այս իմունային կարծրատիպը, որը «օգտակար է» նորմալ պայմաններում, թթվածնի անբավարարության պայմաններում ավելի է սրում հիպոքսիան, քանի որ մարմնի ջերմասիտճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է թթվածնի պահանջը:  Հաստատված է, որ 38 °C դեպքում թթվածնի պահանջը կրկնապատկվում է, իսկ 39,5 °C -ի դեպքում՝ այդ պահանջը քառապատկվում է:
  • Թոքային մազանոթների ու ալվեոլների (ացինուս) պատերի թափանցելիության մեծացման հետևանքով թոքերի ալվեոլներ են թափանցում կողմնակի նյութեր (սպիտակուցային զանգվածներ, արյան տարրեր ու միկրոօրգանիզմներ),
  • Ցրտի ներգործությունը — սառը օդը գործում է երեք մեխանիզմով.
  1. Ուժեղ սառնամանիքի ու քամու ժամանակ սառը օդը ստիպված ենք լինում շնչել փոքր, թեթև մասնաբաժիններով, ինչը ուժեղացնում է հիպոքսիան.
  2. Սառնամանիքի ժամանակ հիպոքսիկ այտուցին միանում է նաև գերսառեցումից առաջացած այտուցը: Գերսառած հյուսվածքներում նույնպես խախնտվում է բջջաթաղանթների թափանցելիությունը (ուստի սառած հյուսվածքները այտուցվում են).
  3. Ցրտից սրվում են խրոնիկ բորբոքային հիվանդությունները, որոնք արագացնում ու սրում են թոքերի այտուցումը:

Ուստի, ցածր ջերմաստիճանի դեպքում թոքերի կամ գլխուղեղի այտուցը ավելի արագ է զարգանում, մեծ բարձրություններում կամ ուժեղ սառնամանիքի դեպքում այս ժամանակահատվածը կարող է կազմել 8-12 ժամ:

Ուղեղի այտուցՈւղեղի այտուցը ջրի ավելցուկային կուտակում է ուղեղի հյուսվածքներում, իսկ ջրի աղբյուրներ են հանդիսանում գլխավորապես արյունը, որը հոսում է միկրոանոթներով և ուղեղային մազանոթներով:
Թոքերի այտուց— Թոքերի այտուցը արյանի թեթև պլազմայի կուտակում է թոքերի հյուսվածքներում, իսկ այնուհետև՝ ալվեոլների շերտերում. ներս շնչելու ժամանակ պլազմայի լրացնող շերտերը փրփրում են, կտրուկ նվազեցնելով թոքերի օգտակար ծավալը:
Որպես կանոն ուղեղի այտուցը և թոքերի այտուցը զարգանում են գիշերը (ճգնաժամի վերջնակետը ավելի հաճախ վրա է հասնում առավոտվա ժամը 4-ին), ինչ պայմանավորված է.

  • Իրանի շրջանի վերին մասում երակային շրջանառության ուժգնացմամբ՝ ուղղահայաց դիրքից հորիզոնական դիրքի անցնելու ժամանակ,
  • Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ակտիվության նվազմամբ, որը, հենվելով շնչառական ացիդոզի վրա, հանգեցնում է շնչառական ֆունկցիայի թուլացման (տես վերևում),
  • Թափառող նյարդի տոնուսի բարձրացմամբ, ինչը հանգեցնում է բրոնխոսպազի:

Սրանից պետք է հետևություն անել, որ.

  • Հիվանդի հորիզոնական դիրքը անթույլատրելի է օրվա ցանկացած ժամի.
  • Գիշերվա յուրաքանչյուր ժամ պետք է օգտագործվի ոչ թե քնելու (որը այսպես թե այնպես չկա), այլ ցած իջնելու համար. հիվանդի վիճակը առավոտյան ժամերին միշտ նկատելիորեն վատանում է:

Ուղեղի այտուցի ժամանակ մահվան պատճառ է լինում այտուցված գլխուղեղի շերտի ճնշումը գանգոսկրին, փոքր ուղեղի հպումը քնած ուղեղի բնին:  Թոքերի այտուցման ժամանակ մահվան պատճառ է զանգվածային փրփրագոյացումը, որն առաջացնում է շնչառական ուղիների շնչահեղձուկ (ասֆիքսիա):
Մահվան ելքի սրընթացության պատճառն այն է, որ դրանք զարգանում են արատավոր շրջանի սկզբունքով, երբ հաջորդող փուլերը սրում են ելքային պատճառը, իսկ ելքային պատճառը սրում է հետևանքը (օրինակ արյունադարձ երակի ճնշումը հանգեցնում է ավելի ուժեղ այտուցվածության և հակառակը):

Փոփոխություններ այլ օրգաններում և համակարգերում
Մարսողական համակարգ

Բարձրությունում զգալիորեն փոխվում է ախորժակը, նվազում է ջրի և սննդամթերքների կլանումը, ստամոքսահյութի անջատումը, ինչը հանգեցնում է մարսողական գործընթացների և սննդի, հատկապես ճարպերի, մարսողության խախտման:  Արդյունքում մարդը կտրուկ կորցնում է քաշը (6-7 շաբաթում մինչև 15-22 կգ՝ 6000 մ բարձրությունում):  Բարձրությունում մարդը կարող է ստամոքսի լցվածության թվացյալ զգացողություն ունենալ, զգալ սրտխառնոց, փորլուծություն, որոնք ենթակա չեն դեղային բուժման:

Տեսողություն

Մոտ 4500մ բարձրություններում նորմալ սուր տեսողության հնարավոր է միայն, եթե լուսավորությունը 2,5 անգամ մեծ է դաշտավայրերին բնորոշ պայմաններից:  Այս բարձրություններում տեղի է ունենում տեսողության պերիֆերիկ դաշտի նեղացում և, ընդհանուր վերցրած, տեսողության նկատելի «մթագնում»:  Մեծ բարձրություններում նվազում է նաև հայացքի ֆիքսման ճշգրտությունը և հեռավորության որոշման ճշտությունը:  Անգամ միջին լեռնային շրջաններում տեսղությունը գիշերը թուլանում է, իսկ մթությանը ադապտացվելու ժամանակը՝ երկարում:

Օրգանիզմի ջրազրկում

Օրգանիզմից ջրի անջատումը, ինչպես հայտնի է, իրականացվում է հիմնականում երիկամներով (օրական 1,5 լ ջուր), մաշկով (1 լ), թոքերով (մոտ 0,4 լ) և աղիքներով(0,2-0,3 լ), ընդհանուր՝ օրական մոտ 3լ ջուր:  Ուժեղ մկանային գործունեության ժամանակ, հատկապես շոգ ժամանակ, կտրուկ մեծանում է ջրի անջատումը մաշկի միջոցով (երբեմն մինչև 4-5 լ):  Բարձր լեռնային մասերում կատարվող լարված մկանային աշխատանքը, թթվածնի անբավարարության և օդի չորության պատճառով, կտրուկ ուժեղացնում է թոքային օդափոխումը և դրանով մեծացնում է նաև թոքերի միջոցով անջատվող ջրի քանակը:  Այս ամենը հանգեցնում է նրան, որ ջրի ընդհանուր կորուստը բարդ ու բարձր լեռնային ճամփորդության մասնակիցների մոտ կարող է հասնել օրական 7-10 լ-ի:

Այլ փոփոխություններ

Ցավի զգացումը հիպոքսիայի մեծացմանը զուգընթաց նվազում է՝ հասնելով ընդհուպ մինչև դրա ամբողջական կորստի:

Հոգեկան փոփոխություններ

Բազմաթիվ լեռնագնացներ պատմում են բարձրության՝ մարդու հոգեկանի վրա ունեցած ազդեցության մասին:  Օրինակ, արշավախմբի բժիշկը մատնացույց է անում դաշտավայրում հոգեկան առումով կայուն լեռնագնացին, ով բարձրությունում ապակի է ջարդում:  Ռայնհոլդ Մեսսները (1980թ. միայնակ առանց թթվածնի վերելք դեպի Էվերեստ՝ 8200 մ բարձրություն) հաղորդում էր, որ ունեցել է անտեսանելի ուղեկցի ներկայության մեծացող զգացողություն, ընդհուպ մինչև նրա հետ սնունդ կիսելու զգացողություն:  Էվերեստի առաջին խորհդային վերելքի մասնակից Միխայիլ Տուրկևիչը հաղորդում էր, որ Էդուարդ Միսլովսկին իջնելու ժամանակ հրաժարվել է ճանապարհը շարունակելուց, երբ նրա մոտ վերջացել է թթվածինը, ասելով, որ ինքը լավ է զգում և ցանկանում է մնալ լեռներում:

Լեռնային հիվանդության սուր ձև առաջանում է, երբ չկլիմայավարժված մարդկանց արագ տեղափոխում են (մի քանի ժամվա ընթացքում) լեռների բարձունքներ, սովորաբար՝ 3500մ և ավելի:  Դրա կլինիկական ախտանիշները զարգանում են համառորեն:  Լեռնային հիվանդության քիչ սուր ձևի ժամանակ այդ ախտանիշերը զարգանում են ոչ այդքան արագ և պահպանվում են դրանից հետո (մինչև 10 օր):  Լեռնային հիվանդության այս երկու ձևերի կլինիկական դրսևորումները, ընդհանուր վերցված, համընկնում են:  

Սուր լեռնային հիվանդություն

Թեթև աստիճան

Լեռնային հիվանդության թեթև աստիճանի ախտանիշները դրսևորվում են 6-12 ժամվա ընթացքում (երբեմն ավելի շուտ)՝ նոր բարձրություն բարձրանալուց հետո:  Մեծ բարձրությունում դրա ախտանիշներն ավելի վաղ են հայտնաբերվում:  Շատերի մոտ դրանք ի սկզբանե դրսևորվում են ինքնազգացողության վատացման, որոշակի թուլության մեջ:  Առաջին անգամ լեռներում գտնվելով սկսնակը զգում է տկարություն, հաճախացված սրտխփոց, թեթև գլխապտույտ, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ թույլ հևոց, քնկոտություն, բայց դրա հետ մեկտեղ վատ է քնում:  3-4 օր հետո այս երևույթները, եթե մասնակիցները ավելի շատ չեն բարձրանում, որպես կանոն, անհետանում են:  Լեռնայի հիվանդության այս ձևի համար հստակ օբյեկտիկ կլինիկական-նյարդաբանական ախտանիշներ գոյություն չունեն:
Վերը թվարկվածները հատուկ նշաններ չեն և կարող են լինել բազմաթիվ այլ հիվանդությունների հետևանք:  Այնուամենայնիվ, ճիշտ է ենթադրել, որ առկա է սուր լեռնային հիվանդությունը, երբ չկլիմայավարժված մարդը, ով բարձրանում է ավելի քան 2500մ բարձրություն, սկսում է ունենալ գլխացավ և նրա մոտ ի հայտ է գալիս վերը թվարկված ախտանիշերից թեկուզ մեկը:  Եթե վերը նշված ախտանիշերը դրսևորվում են լավ զգացողությունից 36 ժամ հետո, ապա պետք է բացառել այլ հիվանդության առկայությունը:

Միջին աստիճան

2500-3500 մ բարձրություններում որոշ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ էյֆորիայի հատկանիշներ` բարձր տրամադրություն, ավելորդ ժեստեր և շատախոսություն, խոսելու արագ տեմպ, առանց պատճառի ուրախություն և ծիծաղ, անհոգ, թեթևամիտ վերաբերմունք շրջակա միջավայրին:  Հետագայում էյֆորիկ վիճակը փոխարինվում է տրամադրության անկմամբ, ապատիայով, մելանխոլիայով, բթանում է հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ:
4000-5000 մետր բարձրություններում վատանում է ինքնազգացողությունը:  Սկսվում է չափավոր և նույնիսկ ուժեղ գլխապտույտ:  Քունը անհանգիստ է լինում, տագնապային, տհաճ երազներով, ոմանք դժվարությամբ են քնում և հաճախ արթնանում են շնչահեղձության զգացումից (պարբերական շնչառություն):  Ֆիզիկական լարվածության պայմաններում անմիջապես հաճախանում է շնչառությունը և սրտխփոցը, առաջանում է գլխապտույտ:  Ախորժակը նվազում է, առաջանում է սրտխառնոց, որը լինում է ինտենսիվ և կարող է վերածվել փսխման:  Փոխվում է ախորժակը. ցանկություն է առաջանում ուտել թթու, սուր և աղի ուտելիքներ (ինչը մասամբ բացատրվում է ջրազրկմամբ և ջրա-աղային հաշվեկշռի խախտմամբ):  Կոկորդում առկա չորությունը ծարավ է առաջացնում:  Հնարավոր է արյունահոսություն քթից:

Ծանր աստիճան

5000-7000մ և ավելի բարձրություններում ինքնազգացողությունը հազվադեպ է լավ լինում, ավելի հաճախ այն լինում է անբավարար:  Առկա է լինում ընդհանուր թուլության, հոգնածության, ողջ մարմնում ծանրության զգացողություն:  Չի դադարում չափավոր, իսկ երբեմն էլ ուժեղ ցավը քունքերում, ճակատային, ծոծրակային մասերում:  Կտրուկ շարժումների ժամանակ կամ աշխատանքից  հետո առաջանում է գլխապտույտ:  Մարդը քնում է մեծ դժվարությամբ, հաճախ է զարթնում, ոմանք տառապում են անքնությունից:  Լեռնային հիվանդությամբ հիվանդացած մարդը չի կարող երկար ժամանակ կատարել ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք հևոցների («ուժասպառ շան շնչառություն») և սրտխփոցի պատճառով:  Ընկնում է աշխատունակությունը, օրինակ, 8000 մ բարձրությունում մնում է աշխատունակության 15-16%-ը:
Չորությունը կոկորդում մեծանում է, ամբողջ ժամանակ խմելու ցանկություն է լինում:  Լեզուն փառակալում է:  Շատերին անհանգստացնում է չոր հազը:  Ախորժակը, որպես կանոն, նվազում կամ բացակայում է:  Սրտխառնոցի և փսխման դեպքերը մեծանում են սնունդ ընդունելիս:  Հաճախ նկատվում են ցավ փորի շրջանում և ստամոքս-աղիքային խանգարումներ, որովայնի փքվածություն:  Շնչառության ռիթմը գիշերային քնի ժամանակ խախտվում է (Չեյն-Ստոկսի շնչառություն):  Դեմքի մաշկային ծածկույթները, հատկապես շրթունքները, ստանում են գունատ, ավելի հաճախ կապույտ գույն, մաշկի երանգը՝ զարկերակային արյան թթվածնով քիչ հագեցած լինելու պատճառով, կորցնում է իր ալ գույնը:  Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 1-2 °C -ով, առաջանում է դող:  Հաճախանում են արյունահոսությունը քթից, բերանից, թոքերից (արյան թքում), երբեմն՝ ստամոքսից:
Որոշակի պայմաններում, սկսած 4000 մետրից, առաջանում են լեռնային հիվանդության վտանգավոր ձևեր՝ պայմանավորված ադապտացիոն մեխանիզմների խանգարմամբ և ավելի լուրջ պաթոլոգիաների զարգացմամբ` թոքերի այտուց, գլխուղեղի այտուց:

Թոքերի այտուց

Սուր բարձր լեռնային հիվանդության ֆոնի վրա, իսկ երբեմն էլ հանկարծակի, կարող են զարգանալ արյան շրջանառության փոքր շրջանի արյան կանգի երևույթներ և թոքերի այտուց, ինչպես նաև սրտային սուր անբավարարություն:
Թոքերի բարձր լեռնային այտուցը, որպես կանոն, ի հայտ է գալիս մեծ բարձրություն հասնելուց հետո 2-3-րդ օրը:  Թոքերի մազանոթներից դուրս է գալիս հեղուկ, որը ընկնելով ալվեոլի շերտ, խանգարում է գազափոխանությանը, արդյունքում՝ հիպոքսիան ուժեղանում է և հիվանդությունը զարգանում է:  Եթե միջոցներ չձեռնարկվեն, առաջին ախտանիշների առաջացումից մինչև շնչահեղձություն կարող են անցնել հաշված ժամեր:  Դրա զարգացմանը նպաստում են շնչառական և արյունատար օրգանների  նախկինում ունեցած հիվանդությունները, շնչառական ուղիների խրոնիկ կամ սուր վարակը (օրինակ՝ բկաբորբ, բրոնխիտ, թոքերի բորբոքում, խրոնիկ թարախային ստոմատոլոգիական հիվանդություններ), կայուն ադապտացումից առաջ եղած չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Թոքերի բարձր լեռնային այտուցը լեռներին հատուկ բոլոր հիվանդությունների մեջ ամենահաճախն է մահվան պատճառ դառնում:  2700մ բարձրությունում թոքերի բարձր լեռնային այտուցը կազմում է 0,0001 % և մինչև 2% մեծանում է 4000 մետրում:
Թոքերի բարձր լեռնային այտուցման զարգացման մեջ առանձնացնում են երեք փուլ.

Առաջին փուլ
Ընթանում է ծանր աստիճանի սուր լեռնային հիվանդության ախտանիշերի ֆոնին.
-հիվանդը կանգնում է ոտքերի վրա, սակայն ինքնուրույն չի կարողանում տեղշարժվել,
-մեզի բացակայություն ավելի քան 8-10 ժամ,
-նկատվում են շնչառական կենտրոնի ճնշվածության ախտանիշեր` հաճախացված անոթազարկ և շնչառություն, դժվարանում է հազալը, շնչառությանը ի սկզբանե մասնակցում են քթի աճառները, ատամները սեղմվում են,
-դող, տենդ,
-մաշկը խոնավ է, գունատ,
-Ցիանոզ` կապտող ոտքեր, շրթունքներ, քիթ, ականջներ:

Թոքերի այտուցին բնորոշ են նաև հետևյալ հատուկ ախտանիշերը.
-չոր հազ, կոկորդում քերոց,
-գանգատներ կրծքից ներքև սեղմումից, կրծքային ցավեր,
— «ваньки-встаньки»-ի համախտանիշ. թուլության պատճառով հիվանդը փորձում է պառկել, սակայն շնչահեղձությունից ստիպված է նստել.
— 38-39 °C ջերմություն:  Եթե թոքերի այտուցը զարգանում է առանց թոքերի բորբոքման, ապա ջերմությունը կարող է լինել 36-37 °C:

Երկրորդ փուլ.
Սովորաբար առաջին ախտանիշերից 8-10 ժամ հետո վրա է հասնում թոքերի այտուցման երկրորդ փուլը.
-հիվանդը արդեն չի կանգնում ոտքերի վրա,
-հազ փրփրային խոնավությամբ,
-անոթազարկը հաճախանում է, զարկերակային ճնշումը շարունակ բարձրանում է,
-շնչառությունը աղմկոտ է, լսելի են խռխռոցներ,
— «ваньки-встаньки»-ի ախտանիշ կամ կիսանստած դիրք,
-ծարավ:

Երրորդ փուլ.
Զարգանում է 6-8 ժամ հետո և տևում է 4-8 ժամ, որից հետո վրա է հասնում մահը.
-էական ջրազրկման հատկանիշներ. ծարավը մեծանում է,
-շատ ուժեղ գլխացավ,
-ջերմության բարձրացում,
-շարժողական անհանգստություն,
-անգամ հեռավորությունից լսելի են խռխռոցները,
-արյունոտ խոնավություն, վարդագույն փրփուր քթից ու բերանից,
-շնչահեղձություն,
— առիթմիա (սրտի ռիթմի խանգարում), ճնշումը կարող է հասնել 150-170/90-100 մմ ս.ս. -ի:
Եթե չլինի պատշաճ բուժում, տեղի կունենա ճնշման անկում, կոլլապս (սրտի գործունեության հանկարծակի անկում), կոմա, սրտի կանգ:

Գլխուղեղի բարձր լեռնային այտուցում

Գլխուղեղի բարձր լեռնային այտուցումը կարելի է դիտարկել որպես սուր լեռնային հիվանդության ծայրահեղ դրսևորում:  Գլխուղեղի մազանոթներից  հեղուկը դուրս է գալիս, գլխուղեղը մեծանում է ծավալով:  Ընդ որում ուղեղիկի հյուսվածքները մտնում են ողնուղեղի բնի մեջ, ինչի արդյունքում ոչնչանում են դրանում գտնվող կենսականորեն կարևոր կենտրոնները և վրա է հասնում մահը:
Էվերեստ գնացող արշավախմբերից մեկի մասնակից Դեյլ Կրուզը նկարագրում է իր զգացողությունները ուղեղի այտուցման ժամանակ.
«Այնպիսի զգացողություն ունեի, որ խմած եմ:  Չէի կարողանում քայլել առանց ճոճվելու և ամբողջովին կորցրել էի մտածելու ու խոսելու ունակությունս:  Գլխիս մեջ մի քանի բառ կար, բայց ոչ մի կերպ չէի կարողանում արտասանել դրանք:»
Տարբերակում ենք գլխուղեղի այտուցման երեք փուլ.

Առաջին փուլ
Գլխուղեղում փոփոխությունների պատճառով ի հայտ են գալիս հատուկ ախտանիշեր.
-գլուխը լցված է կապարով, գլխի մեջ աղմուկ է, ճնշող գլխացավ,
-փսխման հաճախացում,
-կոորդինացիայի խախտում (ատաքսիա). հիվանդի քայլվածքը և վարքագիծը ընդհանուր վերցրած հիշեցնում են ալկոհոլային հարբեցածության վիճակ, մարդը չի կարողանում առանց ճոճվելու անցնել ուղիղ գծով,
-թուլություն, քնկոտություն, հոգնածություն, ապատիա /անտարբերություն/,
-հիվանդը հսկողության տակ կատարում է խնդրանքները և անմիջապես դադարեցնում է դրանց կատարումը, մինչև որ նրան նորից են հիշեցնում,
-ի տարբերություն թոքերի այտուցման՝ հիվանդը կարող է պառկել:

Երկրորդ փուլ
Սովորաբար վրա է հասնում առաջին ախտանիշների հայտնվելուց 8-12 ժամ հետո.
-գլխացավի ուժգնացում, անքնություն, ծարավ,
-խոսքի խանգարումներ,
-փոփոխություններ վարքագծում. մարդը իրեն նման չի լինում, ոչ ռացիոնալ վարքագիծ (ագրեսիա, ինքնասպանության փորձ), ընդ որում հիվանդը կարող է չհասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ և ակտիվորեն դիմադրել իրեն իջեցնելու փորձերին, մնալով էյֆորիայի վիճակում կարող է փորձել շարունակել վերելքը,
-խլացում, դանդաղկոտություն, հոգնածություն, ապատիա /անտարբերություն/,
-բիբերի փոփոխություն` լուսային ազդակների լայնացում, անհետացում, սևեռված հայացք, անհամաչափություն:

Երրորդ փուլ
Սկսվում է 6-8 ժամ հետո և տևում է 4-8 ժամ, որից հետո վրա է հասնում մահը.
-էական ջրազրկման հատկանիշներ, ծարավ,
-գլխացավն ուժեղանում է,
-ջերմության բարձրացում,
-շարժողական անհանգստություն,
-փոփոխությունների ուժգնացում բիբերում, ակնաբնի երակների լայնացում,
-վերջույթների թմրում,
-գիտակցության դեպրսիա/ճնշում, խլացում, դանդաղկոտություն, տուժածը դառնում է տկար, քնկոտ, հարցերին պատասխանում է կարճ և ոչ անմիջապես, կարող է չկողմնորոշվել շրջապատող իրավիճակում:
Երրորդ փուլի ավարտին տեղի է ունենում գիտակցության կորուստ, շնչառության և սրտի գործունեության կանգ:

Լեռնային հիվանդության ամենասուր ձևը

Լեռնային հիվանդության ամենասուր ձևը հիպոքսիկ շնչահեղձությունն է, որը երբեմն վրա է հասնում, երբ մարդկանց մեծ բարձրություններ են հասցնում ուղղաթիռով, ինքնաթիռով, ավտոտրանսպորտով կամ արագ վերելքվ:
Ներշնչելու ժամանակ հանկարծակի առաջանում է դատարկության զգացողություն, այրող ցավ ողջ մարմնում, աչքերը մթագնում են, ուժերը սպառվում են, ի հայտ է գալիս մահվան վախ, գիտակցության կորուստ (օրինակ, ինքնաթիռի խցիկի ապահերմետիզացման ժամանակ օդաչուն գիտակցությունը կորցնում է 2 րոպե հետո):  Այնուամենայնիվ, արագ հետ իջնելու և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու դեպքում բոլոր երևույթները արագ են անցնում:

Խրոնիկ լեռնային հիվանդություն

Խրոնիկ լեռնային հիվանդությունը նկարագրվել է 1829թ.-ին պերուացի հայտնի գիտնական Կարլոս Մոնխի կողմից, այդ պատճառով էլ այն անվանվում է Մոնխի հիվանդություն:  Խրոնիկ լեռնային հիվանդությունը շատ հազվադեպ է հանդիպում, դրանով հիվանդանում է 3500—4000մ -ից բարձր լեռների բնակիչների փոքր մասը:
Դրան բնորոշ են ֆիզիկական ու մտավոր աշխատունակության նվազումը, ընդ որում գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգից խթանվող փոփոխությունները:  Հիպոքսեմիայի մեծացման (արյան մեջ թթվածնի նվազման) պատճառով տեղի է ունենում շրջանառվող արյան ծավալի, թոքերում արյան ծավալի մեծացում, նկատվում է սրտի աջ մասի, լյարդի չափերի մեծացում:  Կրծքավանդակը տակառանման ձև է ստանում, հաճախ կարելի է նկատել ձեռքի մատների հաստացում, արտահայտված կապտախտ:  Խրոնիկ լեռնային հիվանդությամբ տառապողները հաճախ գանգատվում են հազից, արյուն թքելուց, հևոցից, աջ կողատակի ցավից, առաջանում է արյունահոսություն դեպի սննդափող:  Մոնխի հիվանդության կարևոր ախտաբանական հատկանիշներից է այն, որ այս հիվանդությունը ամբողջությամբ անհետանում է, երբ հիվանդին իջեցնում են դաշտավայրային տեղանք:  Խրոնիկ լեռնային հիվանդության արտահայտված դրսևորումների դեպքում կիրառվում են այն նույն միջոցառումներն ու բուժական պրեպարատները, ինչպես որ սուր լեռնային հիվանդության դեպքում:

Լեռնային հիվանդության պրոֆիլակտիկայի երեք «ոսկե կանոնը».

  1. Երբեք չբարձրանալ, եթե առկա են լեռնային հիվանդության նշաններ,
  2. Եթե լեռնային հիվանդության ախտանիշերը սաստկանում են, ապա պարտադիր պետք է իջնել,
  3. Եթե լեռնագնացը բարձրության վրա իրեն վատ է զգում, ապա այլ հիվանդությունների ակնհայտ հատկանիշների բացակայության դեպքում պետք է համարել, որ նրա մոտ սուր լեռնային հիվանդություն է և իրականացնել համապատասխան բուժում:                                                             
    Սուր լեռնային հիվանդության հիմնական պրոֆիլակտիկան աստիճանական կլիմայավարժեցումն է:  Ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն նաև մարդկանց ռացիոնալ ընտրությունը, նրանց ֆիզիկական ու հոգեբանական նախապատրաստվածությունը, բարձրություններում ունեցած նախկին փորձը, դեղաբանական պրոֆիլակտիկան:

Կլիմայավարժում

Կլիմայավարժեցման հիմնական սկզբունքները.
-3000մ-ից մեծ բարձրություններում ամեն օր գիշերելիս բարձրության ավելացումը նախորդ գիշերվա համեմատ պետք է լինի ոչ ավել քան 300—600մ:
-3000մ բարձրանալուց հետո յուրաքանչյուր 1000մ-ից հետո մեկօրյա հանգիստ կազմակերպել:
-Նկատի ունենալ, որ կլիմայավարժման արագությունը տարբեր մարդկանց մոտ շատ տարբեր է.
-Տրանսպորտով չտեղափոխվել անմիջապես դեպի մեծ բարձրություն, եթե չկա դրա անհրաժեշտությունը:
-Տրանսպորտով մեծ բարձրություն հասնելու դեպքում չբարձրանալ առաջին 24 ժամվա ընթացքում:
-«Մագլցիր բարձր, քնիր ցածրում»:
-Հիմնական կլիմայավարժումը տեղի է ունենում ճամփորդության առաջին երեք օրերի ընթացքում:
-Եթե լեռնային հիվանդության ախտանիշերը չեն անցնում, վերելքը պետք է դադարեցնել:
-Եթե ախտանիշերը շատանում են, պետք է հնարավորինս արագ սկսել իջնել:

Դեղաբանական պրոֆիլակտիկա
Սուր լեռնային հիվանդության պրոֆիլակտիկայի համար սովորաբար օգտագործվում են այն նույն դեղային պրեպարատները, ինչ բուժման համար:  Ավելի քան 3000մ  բարձրանալիս պետք է առաջարկել հետևյալ պրեպարատները (փակագծերում նշված են ցանկալի օրական դեղաքանակները).
-Ացետազոլամիդ (դիակարբ, դիամոքս) — միզամուղ պրեպարատ, որը նաև նվազեցնում է ողնաշարի հեղուկի արտադրումը ներգանգային տարածությունում, որը նվազեցնում է ներգանգային ճնշումը և թույլ է տալիս նվազեցնել կամ հեռացնել լեռնային հիվանդության ժամանակ առաջացող ախտանիշերը, պրեպարատի պրոֆիլակտիկ նշանակությունը քիչ հիմնավորված է:  Ճնշող գլխացավի առկայությունը, որը ուժգնանում է լարվածության ժամանակ, թեքություններում, աչքի խնձորի վրա ճնշման զգացողությունը գանգի ներսում, սրտխառնոցը, հատկապես փսխումը, վկայում են ներգանգային ճնշման բարձրացման  մասին և հիմնականում համարվում են դիակարբ ընդունելու նշան:  Դիակարբ չընդունող մարդու համար ևս չափաքանակի որոշումը անհատական է, կարող է կազմել 1/4 -ից մինչև 1 հաբ:  Ացետազոլամիդի կողմնակի ազդեցություններ են համարվում պարեսթեզիան (զգացողականության խանգարում` թվում է մրջյուներ են քայլում մարմնիդ վրա, ) և դիուրեզի մեծացումը:  Պարեսթեզիայի և ջղաձգության առաջացման ժամանակ պետք է օգտագործել կալիումի պրեպարատներ՝ պանանգին — մինչև 6 հաբ օրական:  Սովորաբար դիակարբի նշանակումը ենթադրում է միաժամանակ կալիումի և մագնեզիումի աղ պարունակող պրեպարատների ընդունում (ասպարկամ, պանանգին մինչև 1-2 հաբ օրը 2-3 անգամ՝ կախված ֆիզիկական ծանրաբեռնվածությունից):  Վերը թվարկված ախտանիշերի, ինչպես նաև աղիների ուռումը, որի պատճառ կարող է լինել օրգանիզմի հյուսվածքներում և արյան մեջ կալիումի աղի ցածր խտությունը,  համարվում է կալիումի աղի պարտադիր ընդունման նշան՝ պրոֆիլակտիկ չափաբաժնի նկատմամբ կրկնակի չափաբաժնով:  Նաև պահանջվում է մեծացնել սպառվող հեղուկի ծավալը՝ ջրազրկումը և որպես հետևանք արյան խտացումը և արյան հոսքի ուժգնացումը բացառելու համար:  Ացետազոլամիդը սուլֆոնամիդ դիուրետիկ է, ուստի այն չպետք է օգտագործեն այն անձինք, ովքեր  այս խմբի պրեպարատների նկատմամբ ալերգիա ունեն:  Պրեպարատի կողմից օրգանիզմում առաջացող փոփոխությունները զգալի են, և դիակարբի ընդունումը առանց լուրջ ցուցումների (այսպես ասած պրոֆիլակտիկ նպատակով) կոպիտ սխալ է:
-Դեկսամետազոն (4 մգ յուրաքանչյուր 6 ժամը մեկ) նվազեցնում է սուր լեռնային հիվանդության արտահայտվածությունը և ծանրությունը դեպի 4000մ-ից մեծ բարձրություն կտրուկ բարձրանալու դեպքում:  Պրոֆիլակտիկ ձևը կարելի է  սկսել վերելքից մի քանի ժամ առաջ:  Դեկսամետազոնը լեռնային հիվանդության պրոֆիլակտիկայի համար առաջին ընտրության պրեպարատը չէ, քանի որ ունի կողմնակի էֆեկտներ:  Դրա ընդունումը արդարացված է միայն այն անձանց համար, ովքեր չեն կարողանում տանել ացետազոլամիդ, որը կանխում է լեռնային հիվանդության զարգացումը, և եթե նախատեսվում է արագ անցնել բարձրությունը:  Դեկսամետազոնը նվազեցնում է սուր լեռնային հիվանդության ախտանիշերը մի քանի ժամով, սակայն չի նպաստում կլիմայավարժմանը:
-Դիբազոլ- անոթը լայնացնող միջոց, որն ունի ադապտոգեն առանձնահատկություններ (0,5 հաբ` 10 մգ):
-Վիագրա — մի քանի տարի առաջ սկսվեց հետազոտություն վիագրայի՝ որպես պրոֆիլակտիկ միջոցի օգտագործման վերաբերյալ:  Վիագրան բարելավում է պերիֆերիկ արյունաշրջանառությունը, այդ թվում՝ թոքերում:

Վիտամիններ, միկրոէլեմենտներ և ամինոթթուներ.

-Ասկորբինային թթու (վիտամին C) — ունի հակաօքսիդացնող հատկություններ, նվազեցնում է նյութափոխանակության՝ բավարար չափով չօքսիդացած նյութերի կուտակումը, որոնք ի հայտ են գալիս հիպոքսիայի ժամանակ:  Սովորական պայմաններում սրանց օրական պահանջը կազմում է 70-100 մգ, իսկ կլիմայավարժման ժամանակ նպատակահարմար է չափաբաժինը մեծացնել մի քանի անգամ (օրը 2 անգամ մինչև 500 մգ):
-Հակաօքսիդացնող հատկություններ ունեն նաև տոկոֆերոլը (վիտամին E) (օրը 2 անգամ 200 մգ) և լիպիկ թթուն (օրը 2 անգամ 300 մգ):
-Կալցիումի պանգամատ — ունի հստակ հակահիպոքսիկ ազդեցություն (2 հաբ՝ 50 մգ):
-Կալցիումի պանտոտենատ — (վիտամիտ В5) կարգավորում է փոխանակման գործընթացները (1 հաբ՝ 100 մգ:
-Կալիումի օրոտատ – կարգավորում է լյարդի ու սրտի աշխատանքը, միկրոշրջանառությունը մազանոթներում (1 հաբ):
-Գլուտամինային թթու — ամինոթթու, փոխանակային գործընթացների մասնակից (2 հաբ):
-Մեթիոնին — ամինոթթու, որը կարգավորում է լյարդի աշխատանքը հիպոքսիայի ժամանակ, ճարպերի յուրացումը (3 հաբ):
-Պանանգին (ասպարկամ) — կալիում-մագնեզիումային աղ ասպարգինային ամինոթթու, հակառիթմիկ միջոց, բջիջներին հաղորդում է  К+, Mg2 իոններ (1-2 հաբ):
-Ռիբոքսին — ուժեղացնում է կալիումի օրոտատի ազդեցությունը, բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի ու լյարդի վրա (1-2 հաբ):
Հիպոքսիայի նկատմամբ կայունությունը սննդանյութերից մեծացնում են ածխաջրերը, այնպես որ բարձրությունում լեռնային հիվանդությունից զգուշանալու համար պետք է օրգագործել գլյուկոզա, շաքար և այլ հեշտ մարսելի ածխաջրեր, սակայն ոչ ավել քան օրական 300-400 գ:  Խմիչքներից խորհուրդ է տրվում պահածոյացված նարնջի հյութը, կիտրոնի հյութի փոշու տաք լուծույթը, երիցուկի թեյը:  Բարձրությունում չպետք է օգտագործել չափազանց թունդ թեյ:  Այն գրգռում է նյարդային համակարգը և դրանով նպաստում անքնության առաջացմանը:
Կոկան թեյի և ծամելու տերևների ձևով, հակառակ տարածված նախապաշարմունքին, շատ քիչ կոկաին են պարունակում և չափավոր քանակի դեպքում նպաստում են կլիմայավարժեցմանը:  Ուստի Անդերում գտնվելիս մի անտեսեք գիդերի խորհուրդները, ովքեր առաջարկում են օգտագործել այն:

Ներքոնշյալ պրեպարատների պրոֆիլակտիկ արդյունավետությունը ապացուցված չէ.
-Գինկտո Բիլոբայի էքստրակտ (բիլոբիլ), հաբեր, դեղապատիճներ.
— ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներից անալգետիկները — ասպիրին, իբուպրոֆեն, պարացետամոլ և այլն. առանձին հետազոտություններում նշվում է, որ փոքր առավելություն ունեն պլացեբոյի նկատմամբ:
Հետևյալ պրեպարատները անարդյունավետ են լեռնային հիվանդության պրոֆիլակտիկայի համար. սպիրոնոլակտոն, կոդեին:
3000մ -ից մեծ բարձրություններում ալկոոհոլը, անգամ փոքր չափաբաժնի դեպքում, նվազեցնում է շնչառության հաճախությունը և ուժեղացնում հիպոքսիան, ուստի սպիրտային խմիչքների օգտագործումը բարձր լեռնային գոտում պետք է արգելվի:

Սուր լեռնային հիվանդության բուժումը

Թեթև և միջին աստիճան
Պետք է ընդգծել, որ լեռնային հիվանդության թեթև աստիճանը, չնայած տհաճ զգացողությանը, ընդամենը վիճակ է, որը ֆիզիկապես սահմանափակում է մարդուն՝ առանց որևէ ծանր հետևանքի:  Լեռային հիվանդության թեթև դրսևորումների բուժման հիմք են համարվում.
-հանգիստը,
-հեղուկը (հյութ, թեյ),
-թույլ անալգետիկները (ասպիրին, իբուպրոֆեն, պարացետամոլ),
-միջոցներ սրտխառնոցի դեմ (աերոն, թթու մրգեր՝ խնձոր, նարինջ, կիտրոն, ծիրանաչիր) և փսխման դեմ (մետոկլոպրամիդի (ռեգլան) միջմկանային ներարկում),
-անհրաժեշտության դեպքում 125-250 մգ ացետազոլամիդ օրը երկու անգամ՝ երեք օր:
Եթե ամեն բան լավ է ընթանում, ախտանիշները սովորաբար անցնում են 2-4 օր հետո:

Ծանր աստիճան
-Բուժման ամենալավ մեթոդը տուժածին ներքև իջեցնելն է:  Պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն տուժածի ինքնուրույն տեղաշարժն ապահովելու համար, ինչի շնորհիվ չեն զարգանա ապատիան, անտարբերությունը և գերսառումը:
-Ծայրահեղ դեպքերում պետք է օգտագործել թթվածնային դիմակ (ցանկալի է՝ ածխաթթու գազի հետ խառնուրդով՝ О2 + 5-7 % СО2):  Արդյունավետ է շարժական հիպերբարոխցիկի օգտագործումը (կոմպրեսսիոն խցիկ), որը իրենից ներկայացնում է հերմետիկ պարկ, որտեղ ձեռքի պոմպով կամ կոմպրեսսորով օդ է մղվում:
-125-250 մգ ացետազոլամիդ օրը երկու անգամ՝ երեք օր:
-8մգ դեկսամետազոն /կլման միջոցով/, այնուհետև օրվա ընթացքում 4 մգ յուրաքանչյուր 6 ժամը մեկ:
-Ջերմությունը պետք է իջեցնել ջերմիջեցնող միջոցներով ՝ այն հասցնելով 37 °C -ի:
-Չպետք է օգտագործել թմրանյութային անալգետիկներ (պրոմեդոլ, մորֆին) և սպիրտ:

Թոքերի այտուցի բուժումը
-Թոքերի այտուցի դեմ պայքարելու կարևորագույն մեթոդը անհաղապ ներքև իջեցնելն է:  Անգամ մի քանի հարյուր մետր իջեցնելը կարող է լավացնել վիճակը:
-Արդյունավետ է շարժական հիպերբարիկ խցիկի օգտագործումը:  Ծայրահեղ դեպքերում պետք է օգտագործել թթվածնային դիմակ:
-Տուժածին պետք է կիսանստած դիրք տալ:
-Եթե սիստոլիկ զարկերակային ճնշումը («վերին») ավելի քան 90մմ ս.ս. է, ապա պետք է կատարել 2-3 սրվակ ֆուրոսեմիդի ներմկանային ներարկում:
-Թոքերի բարձր լեռնային այտուցման պրոֆիլակտիկայի և բուժման համար արդյունավետ է նիֆեդիպինը (սկզբում՝ 10մգ դեպի ներս, իսկ հետո աստիճանաբար 20մգ նիֆեդպին է արտազատվում յուրաքանչյուր 12 ժամը մեկ):
-Լեզվի տակ դնել Նիտրոգլիցիրինի հաբ (ավելի քան 90մմ ս.ս. սիստոլիկ զարկերակային ճնշման դեպքում):  Նիտրոգլիցերին կարելի է նորից տալ 20 րոպե հետո, ոչ ավել քան 3 անգամ:
-Ազդրի վրա դնել լարան՝ այնպես, որ դրանց տեղադրման տեղից ներքև զգացվի զարկերակի պուլսը:  Սա արյան պահեստ կստեղծի ստորին վերջույթներում և կկանխի դրա վերադարձը դեպի սիրտ, սակայն այս մեթոդը պետք է օգտագործել միայն տուժածին արագ իջեցնելու ժամանակ, որպեսզի որոշ ժամանակ շահենք, քանի որ մեկուկես ժամ հետո լարանը պետք է հանել, իսկ արյան կտրուկ հոսքը դեպի հիպոքսիայից ուժասպառ եղած սիրտ կարող է առաջացնել սրտային սուր անբավարարություն:
-Հնարավորության դեպքում պետք է կատարել ամինոֆիլլինի ներմկանային ներարկում (10 մլ 2,4 %՝ 100 մլ իզոտոնային լուծույթում):
-Եթե հիվանդի մոտ արտադրվում է վարդագույն խոնավ փրփուր, շնչառությունը պետք է կատարվի սպիրտով խոնավեցված մառլայի միջոցով՝ թոքային ալվեոլներում փրփրագոյացումը նվազեցնելու համար:
Ստացիոնար պայմաններում, երբ գիտակցության պահպանումը նշանակություն չունի, պետք է օգտագործել մորֆոին. այն նվազեցնում է ճնշումը թոքային զարկերակում:
Կարևոր. պետք է իմանալ, որ ոչ մի դեղային հնարք չպետք է պատճառ դառնա ցած իջնելը հետաձգելու համար:
Թոքերի այտուցը շատ արագ կարող է զարգանալ, եթե կան շնչառական ուղիների բորբոքային հիվանդություններ (անգինա, թոքերի բորբոքում), ուստի դրանց հատկանիշների ի հայտ գալու դեպքում մարդուն պետք է իջեցնել ներքև միաժամանակ ցուցաբերելով սիմպտոմատիկ դեղային օգնություն:

Գլխուղեղի այտուցի բուժումը
-Ուղեղի բարձր լեռնային այտուցի ախտանիշների առաջացման ժամանակ պետք է անհապաղ սկսել իջնել:  Հապաղումը կարող է հանգեցնել հիվանդի մահվան:  Եթե ախտանիշերը ի հայտ են գալիս գիշերը, պետք չէ սպասել առավոտվան:  Պետք է իջնել առնվազն մինչև այնպիսի բարձրություն, որի վրա մարդը իրեն լավ է զգացել վերջին անգամ, ցանկալի է՝ մինչև 2500մ:  Որպես կանոն, եթե իջեցումը ժամանակին են սկսում, ախտանիշերը արագ և անհետևանք անհետանում են:
-Պետք է սկսել թթվածնի մատակարարումը:
Գլխուղեղի այտուցման ժամանակ բուժումը ավելի հաճախ օժանդակ դեր է ունենում, սակայն այն չպետք է անտեսել:  Ախտանիշները նվազեցնելու և էվակուացումը հեշտացնելու համար օգտագործում են դեկսամետազոն (սկզբում՝ 8 մգ, իսկ հետո յուրաքանչյուր 6 ժամը մեկ մինչև 4 մգ՝ դեպի ներս կամ արտընդերային եղանակով):
Գլխուղեղի այտուցման ժամանակ չպետք է օգտագործել ինչպես անոթալայնացնող (ինտրոգլիցերին, նիֆեդիպին, տրենտալ), այնպես էլ ճնշումը բարձրացնող պրեպարատներ (կոֆեին, ադրենալին). ճնշման բարձրացումը կամ անոթների լայնացումը կուժեղացնի ուղեղի այտուցը:  Այժմ նաև խորհուրդ չի տրվում օգտագործել միզամուղ պրեպարատներ:
Ախտանիշնեը իջնելուց անմիջապես հետո չեն վերանում, և հիվանդը պետք է լինի բուժաշխատողների հսկողության տակ: