ԻՐԱՆՈՒՄ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ

Փետրվարի 1-11 ունեցանք մեծ ճանապարհորդություն Իրանում: Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի կողմից ստացվել էր հրավեր մասնակցելու հեղափոխության օրվան նվիրված միջազգային լեռնային վերելքին: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 6 մասնակցից բաղկացած խումբը ուղևորվեց Պարսկաստան: Այս հագեցած 10 օրվա ընթացքում հասցրեցինք անել այն ամենն ինչ հնարավոր էր: Ունեցանք հանդիպում Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի հետ, հարյուրավոր կիլոմետրեր գնացինք դեպի Պարսկաստանի խորքը՝ Քերման: Մասնակցեցինք միջոցառման բացման արարողությանը: 
Փետրվարի 5-ին սկսեցինք վերելք Հեզար լեռ (4501 մ), ամսի 6-ին, ժամը 12-ին հայոց եռագույնը ծածանվեց Հեզարի գագաթին: Ծանոթացանք ուժեղագույն լեռնագնացների հետ: Ունեցանք շրջայց Քերմանի տեսարժան վայրերով: Այս ամենն ավարտվեց երկօրյա սառցամագլցման պարապմունքներով UIAA-ի մասնագետների կողմից: Սառցե ջրվեժի վրա ունեցած երկօրյա հագեցած պարապմունքից ահագին գիտելիքներ ձեռք բերեցինք: 
Շնորհակալություն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային ի դեմս Սուրեն Դանիելյանի: Հատուկ շնորհակալություն Սուրեն Ստեփանյանին հյուրընկալության, հյուրասիրության, դասընթացների, փորձի փոխանակման և ամեն ինչի համար: Եվ իհարկե շնորհակալ ենք Իրանի ալպ. Ֆեդերացիային ջերմ հյուրընկալության և բարձր կազմակերպվածության համար: Իրանն այսուհետ իմ մոտ ասոցացվելու է լեռների ու լեռնագնացության հետ: Հիանալ կարելի է պետական մակարդակով ալպինիզմի զարգացմանն ուղղված Իրանի քայլերին: Հուսանք մենք էլ մի օր կհասնենք այդ մակարդակին: