ՎԵՐԵԼՔ ԾՌԱՍԱՐ ԼԵՌ
(07-09 հուլիս, 2017թ.)

Ծռասար լեռը գտնվում է Շահումյանի և Քաշաթաղի շրջանների սահմանագլխին, ունի 3616մ բարձրություն: Այն Հայաստանի չորրորդ լեռն է ըստ բարձրության: Ծռասարի մասին տեղեկություններ՝ հատկապես վերելքների վերաբերյալ, գրեթե առկա չէ: Նախքան մեր վերելք կատարելը, գտանք երկու վերելքի և մեկ վերելքի փորձի մասին տեղեկություններ:

Առաջին անգամ (первопрохождение) Ծռասար լեռ վերելք են կատարել ՌԴ ‹‹Աբրիս›› տուրիստական ակումբի անդամները 13.08.2011թ.՝ Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ: Վերելքը կատարվել է Ծռասար լեռնաշղթայի տրավերսով: Վերելքի մանրամասն նկարագորությունը տրված է mountain.ru կայքում:
Երկրորդ անգամ Ծռասար լեռ վերելք են կատարել ՌԴ ‹‹Աբրիս›› տուրիստական ակումբի այլ անդամներ և վեց հայեր արցախից, կրկին Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ: Mountain.ru կայքում առկա հաշվետվությունից պարզ չէ կենկրետ վերելքի ամսաթիվը, սակայն պարզ է, որ գագաթին եղել են 2013թ. հոկտեմբերի 27-նոյեմբերի 6 ընկած ժամանակահատվածում:

Մյուս տեղեկատվությունը, որը կարողացանք գտնել, Վահեի և Արտյոմի վերելքի փորձի նկարագիրն է: 30.07.2014թ. գագաթին մոտ նրանք հետ էին վերադարձել:
Երրորդ վերելքի պատվին (ըստ մեր ուսումնասիրությունների) արժանացանք մենք՝ Արիգա Արաքելյան, Անժելա Ճաղարյան, Շուշան Ռուբենյան և Նարինե Ճաղարյան կազմով թիմը:

Դեռևս մայիս ամսին էինք ցանկանում բարձրանալ Ծռասարը, բայց եղանակային կանխատեսումները փոխեցին մեր մտադրությունները, հնարավորություն տալով բարձրանալ Դիզափայտ լեռը:

Ծռասարի վերելքի ծրագիր մշակելիս, որոշեցինք այն իրականացնել հուլիսի 7-9 օրերին: Հուլսի 7-ին մեկնեցինք Երևանից: Քարվաճառ չմտնելով՝ ձախ տանող ճանապարհով շարժվեցինք դեպի Ջերմաջուր (Իստիսու): Ջերմաջուրը հայտնի է գեյզերներով, խորհրդային տարիներին եղել է հանգստավայր, գտնվում է 2200մ բարձրության վրա: Մինչև Ջերմաջուր ճանապարը անցանելի է մեքենաների համար: Ճանապարհի այս հատվածը բարդ չէ, բարձրության հաղթահարումը աստիճանական է և քիչ: Այս օրը հիմնականում հեռավորության խնդիր լուծեց, քան՝ բարձրության: Ճանապարհի այս հատվածում երեք անգամ անցանք Թարթառ (Տարտար կամ Տրտու) գետը: 5կմ քայլելուց հետո 2470մ բարձրության վրա տեղադրեցինք վրանը: Վրանի անմիջապես դիմացը մի հսկայական լեռնազանգված էր՝ գեղեցիկ գագաթով: Սկզբում կարծում էինք, որ հենց Ծռասարն է մեր առջև, սակայն վերելքի օրը հասկացանք, որ սխալվել ենք: Երեկոյին մոտ տեղատարափ անձրև սկսվեց:


Հուլիսի 8-ին, ըստ մեր մշակած ծրագրի, պետք է սկսեինք Ծռասարի վերելքը և հենց այդպես էլ արեցինք: Բարեբախտաբար անձրև չկար, միայն խոտն էր թաց և երբեմն ամպեր էին կուտակվում: Տեղանքը բարձր խոտածածկով էր, հատկապես գետին մոտ: Երբ մոտեցանք կարծեցյալ Ծռասարին, թեքվեցինք դեպի աջ՝ հարավ-արևելք: Հենց այդ հատվածում Թարթառ գետը բաժանվում է հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան ճյուղավորումների, որի ջրբաժանը հենց Ծռասար լեռնաշղթան է: Ծռասարի հարավ-արևելյան լանջի ստորոտով քայլում էինք և՛ գետի հունով, և՛ լանջերի տրավերս անցումով: Այստեղ էլ չկարողացանք խուսափել գետը մի քանի անգամ անցնելուց: Մոտ երեք ժամ քայլելուց հետո գագաթը սկսեց երևալ: Վրանի կետից (2470մ) մինչև 2950մ վերելքը կտրուկ չէր, սակայն 2950մ-ից սպասվում էր 25-30 աստիճան թեքությամբ վերելք: 3200մ բարձրության վրա քամի էր և եղանակն էլ ներքևում սկսվում էր փոխվել՝ ամպերը գագաթից ցած էին իջել և արդեն պարզ էր, որ վերադարձին մառախուղ է սպասվելու: 3300մ բարձրության վրա գագաթի լանջերն արդեն տեղ-տեղ քարքարոտ էին: 5ժ. 40ր. քայլելուց հետո մենք գագաթին էինք՝ հոգու պոռթկումից գագաթին աննորմալ ձայներ լսվեցին. մենք էինք գոռում՝ ուս-ուսի տված: Ամպերի պատճառով չկարողացանք տեսնել Սյունիքի բարձրավանդակը և այլ բարձրունքներ, բայց փոխարենը վայելեցինք ամպերի խաղը: Մինչև գագաթ քայլեցինք 7,5կմ հեռավորություն, 1146մ բարձրություն: Գագաթին մեր կողմից պատրաստված ‹‹Գրությունների համար›› տարրայում գրություն ենք թողել հաջորդ վերելք կատարողների համար:

Սկսեցինք հետ իջնել՝ մոտ 3000 մ բարձրության վրա հայտնվեցինք վերևից մեզ գերած ամպերի մեջ, որոնք վերափոխվեցին բնական խոչնդոտի մառախուղի տեսքով: Վերադարձը տևեց 4 ժամ՝ խոնավ խոտածածկը, խիտ մառախուղը և տրավերս անցումով քայլքը զգուշավորություն էին պահանջում: 
Դեռ առավոտյան որոշել էինք գագաթից վերադառնալուն պես հավաքել վրանը և վերադառնալ Ջերմաջուր, սակայն երբ հասանք վրանի մոտ, միակ բանը որ ցանկանում էինք, խոնավությունից ազատվելն էր՝ թաց էին և՛ կոշիկները, և՛ հագուստները, և՛ զանգապանները, և՛ նույնիսկ ձեռնոցները:
Երեկոյան՝ տաք ապուրի կարիմատի շուրջ, լիարժեք վայելեցինք գագաթին հասնելու հաճելի զգացողությունը, քննարկեցինք Ծռասար լեռան այլ հնարավոր երթուղիներ և որոշեցինք, թե որոնք են լինելու հաջորդ գագաթները, որ պետք է երջանկացնեն մեզ: 
Արդյունքում քայլեցինք՝

Օր 1- 5կմ հեռավորություն, 270մ բարձրություն,

Օր 2- 7.5կմ հեռավորություն, 1146մ բարձրություն,

Ընդհանուր- 26կմ հեռավորություն (գնալ, վերադառնալ), 1416մ բարձրություն
Հուլիս 9-ին վերադարձանք Երևան:

ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՏԱՆԳ՝ 1. Ավտոստոպով հասնել Ջերմաջուր, 2. Գիշերել այնպիսի տեղանքում, որի մոտակա բնակատեղին 32 կմ հեռավորության վրա է, 3. Գիտակցել, որ այդ տարածքը հասանելի թշնամու մուտքի համար (2014թ. ադրբեջանակն դիվերսանտները հենց այս տարածքից էին մտել և սպանել 17տ. տղային), 4. Արջեր, 5. Զինվորականը կարող է մտածել, որ դուք դիվերսանտ եք, ով լավ հայերեն գիտի, և այստեղ կապ չունի աղջիկ եք, թե տղա (ինչպես մեր դեպքում):

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 1. գետի ջուրը և լեռնային աղբյուրները պիտանի են խմելու համար, 2. Վերադարձին կարելի օգտվել Ջերմաջուրի տաք ջրերից և մոռանալ հոգնածության մասին, 3. Հանդիպել շատ լավ մարդկանց (իհարկե Ջերմաջուրիս հետո մարդ չես հանդիպի):

ԹԻՄԸ` Անժելա Ճաղարյան, Շուշան Ռուբենյան, Արիգա Առաքելյան, Նարինե Ճաղարյան