ԱԼՊԻՆԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Հոկտեմբերի 26-ին Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևանում տեղի ունեցավ ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի՝ 2014 թվականի տարվա ամփոփումը: Երեկոյին ներկա էին ֆեդերացիայի հիմնադիրներն ու փոխնախագահները, պատվավոր անդամներն ու կարևոր հյուրեր: 
Բացման խոսքը տրվել էր ֆեդերացիայի՝ թե՛ տարիքով և թե՛ փորձով ամենամեծ լեռնագնացին՝ Աղվան Չատինյանին, որը միշտ բարձր է պահել Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում և ունի բազում հաղթանակներ ու նվաճումներ, որոնցով բոլորս հպարտանում ենք: 
Խոսվեց ֆեդերացիայի՝ սկսնակ լեռնագնացների խմբերին ուսուցանելու ծրագրի մասին, քանի որ այս տարի այն լիովին հաջողվել էր՝ տալով 2 ուժեղ խումբ և հետևաբար լեռնագնացների երկու ուժեղ թիմ: Ֆեդերացիայի 16+ և STORM 1+7 Խմբերի ներկայացուցիչները պատմեցին դասերից, ստացած գիտելիքներից, արդեն իսկ ունեցած և դեռ սպասվող փորձից լեռներում: 
Միջոցառմանը ներկա էր Սուրեն Ստեփանյանը, որը, լինելով ալպինիզմի ֆեդերացիայի նախագահության անդամ և՛ Հայաստանում, և՛ Իրանում, ապահովում է մեծ համագործակցություն այս երկու երկրների լեռնագնացների միջև և իրագործում շատ համատեղ ծրագրեր, որոնցից 2015 թվականին սպասվող մեկն արդեն ներկայացրեց ելույթի ժամանակ: 
2014 թվականի հաջողություններից խոսեցին և 2015 թվականի բարեմաղթանքներն արտահայտեցին նաև ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի պատվավոր անդամներ, խմբերի ուսուցիչներ փրկարար Սերգեյ Բիձյանը և բժիշկ Սպարտակ Հովհաննիսյանը, որոնք միշտ մեծ դեր են խաղում ֆեդերացիայի ծրագրերի հաջողման մեջ:
Տարվա կարևորագույն նվաճումներից մեկն էր եղել Կազբեկի վերելքի հաղթահարումը 6 հոգուց բաղկացած թիմի կողմից: Վերելքի մասին ներկայացնող տեսանյութի ընթացքում ցուցադրվեցին ճանապարհի դժվարությունները և ուշագրավ պահերը: 
Ներկայացվեցին 2014 թվականի ձեռքբերումներն ու նվաճումները լեռնագնացության տարբեր ոլորտներում՝ ժայռամագլցում, արշավներ, սլեքլայն: 
Ֆեդերացիայի փոխնափագահ և White Irbis ակումբի հիմնադիր և ուսուցիչ Անտուան Անանյանը ներկայացրեց իր ակումբի նախագծերը, նվաճումներն ու նպատակները: Տալով լեռնագնացության ավելի խորացված դասընթացներ ակումբի շրջանակներում՝ Անտուանը թիմի անդամներին տալիս է մասնագիտացված գիտելիքներ, որոնք օգնում են հնարավորինս պատրաստ լինել ցանկացած իրավիճակի լեռներում և ժայռերի վրա և ապահով վայելել լեռնագնացության ու մագլցման հաճույքը: 
Այս տարվա ձեռքբերումները շատ էին նաև արշավների բնագավառում: Ֆեդերացիայի վարչության անդամ և Հայկական աշխարհագրական նախագծի հիմնադիր Տիգրան Շահբազյանը ներկայացրեց դրանք՝ պատմելով «Մերն է» նախագծի մասին, որը նախատեսում է Հայկական Լեռնաշխարհի լեռնաշղթաների ամենաբարձր կետեր վերելք կատարելը և օգնում է ճանաչել ու սիրել մերը: Արշավների բնագավառում հաջողությունների մասին պատմեց նաև Արմլենդ ընկերության հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանը:
2014 թվականին մեծ առաջընթաց ունեցանք նաև սլեքլայնում: Սա ժայռամագլցմանը եղբայր սպորտաձև է, ոմանց համար նախասիրություն կամ ակտիվ հանգիստ, որն օգնում է առավելագույնս զարգացնել հավասարակշռությունը՝ օգտագործելով մարմինը ժապավենի վրա: Այն բաժանվում է շատ տեսակների և ի շնորհիվ ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի անդամների այդ տեսակները հետզհետե ավելի են զարգանում Հայաստանում: 
Երեկոն ամփոփեց և փակման խոսք ասեց ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը՝ ֆեդերացիայի անունից շնորհակալություն հայտնելով ակումբներին և միջոցառման կազմակերպիչներին՝ նվերներ հանձնելով ի նշան շնորհակալության իրենց ներդրման համար: