ՁՆԱՀՈՍՔ ԱՐԱ ԼԵՌԱՆ ՎՐԱ` ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Հունվարի 28-ին Արա լեռան վրա ձնահոսքի հետևանքով մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են:
Էդգար Նավասարդյանի 18 հոգուց բաղկացած արշավախումբը բարեհաջող վերելք իրականացնելով Արա
լեռան գագաթ, վերադարձի ճանապարհին հայտնվել է ձնահոսքի մեջ: Դեպքը տեղի է ունեցել դեպի
Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են
ցած: Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգել են ԱԻՆ «911» ծառայություն, Ալպինիզմի
և լեռնային տուրիզմի հայկակն ֆեդերացիա։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի
անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց տուժածներին օգնելու համար։ Մինչ փրկարարների
կանչի վայր հասնելը արշավախմբի անդամներն ամեն ջանք գործադրել են ձյան մեջ կորած արշավականին
գտնելու համար, սակայն հայտնաբերել են դին: Ըստ նախնական տվյալի, վերջինս անկման հետևանքով
ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչը սակայն կհաստատվի
մասնագիտական եզրակացության հիման վրա: Րոպե իսկ չկորցնելով սրտացավ լեռնագնացների և
լեռնափրկարարների մի մեծ խումբ 40 րոպեից արդեն դեպքի վայրում էր։ 2 ժամ տևողությամբ համատեղ
փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին հաջողվեց իջեցնել ցած, ով ստացել
էր ծանր մարմնական վնասվածքներ։ Խմբի անդամներից Հրաչ Հարությունյանը ստացել է կյանքի համար
վտանգ չներկայացնող մարմնական վնասվածքներ: Տուժածները հոսպիտալացվել են: Ժամը 21:40-ին
Նաիրուհի Սիմոնյանի դին հանձնվել է շտապ օգնությանը:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան իր խոր ցավակցությունն ու զորակցությունն է
հայտնում Նաիրուհի Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

Leave a Reply