Ձմեռային վերելք Աժդահակ լեռ (24-26.02.2017թ.)

Աժդահակ լեռը գտնվում է Գեղամա լեռների կենտրոնական հատվածում և հանդիսանում է Գեղամայի ամենաբարձր գագաթը` 3597,3մ., այն հանգած հրաբխային կոն է, ունի  50 մ խորությամբ և 500 մ պարագծով խառնարան, որի հատակը լցված է ջրով:

Տարվա տարբեր եղանակներին այն աչքի է ընկնում իր վեհ գեղեցկությամբ` ամեն անգամ թողնելով նոր տպավորություններ և զգացողություններ: Աժդահակն այն լեռներից է, որը ոչ միայն որոշում է թույլ տալ հասնել գագաթ, թե` ոչ, այլ նաև` մոտենալ իրեն, թե` ոչ: Լեռան տեղակայությունը դժվարացնում է հասնելիությունը, դրանով իսկ ավելի գրավիչ դարձնելով այն, իսկ ձմռանը …

Ձմեռային Աժդահակի վերելքի միտքը վերածվեց գործողությունների: Ձմռանը փորձ ունեցել էինք քայլել Գեղամա լեռներում, ինչը օգնեց մեզ ճիշտ պլանավորել վերելքը: Մի բան միանշանակ էր՝ ամենաքիչը երկու գիշերակաց էր անհրաժեշտ:

Փետրվարի 24-ի լուսաբացին մեր տրամադրությունը լեռնային էր,  ուսապարկերը՝ հավաքված, մենք էլ ոգևորված ևլուրջ տրամադրված: Ժամը 9:00-ին սկսեցինք քայլել Սևաբերդ գյուղից: Հենց սկզբից տրամադրվել էինք,  որ հեշտ չի լինելու և դրա հիմնական պատճառը ձյունն է լինելու: Այդպես էլ կար, բայց մեր սպասվածից էլ շատ էր ձյունը:  Քայլում էինք առջևից գնացողին հերթականությամբ փոխարինելով,  բայց միևնույն է խրվելով՝ տեղ-տեղ մինչև գոտկատեղ: Սևաբերդից դեպի Աժդահակ երթուղին առհասարակ հետաքրքիր է նրանով,  որ քայլելու ընթացքում տևական ժամանակ որևէ գագաթ չի նշմարվում:  Իսկ երբ հասնում ես Գեղամայի սարավանդին միանգամից հրաբխային կոների լեռնաբույլ է բացվում՝ Քարհանք, Գեղմաղան, Շամփրասար, Ակնասար, Աղուսար, Արևելյան և Արևմտյան Աղուսարեր, Լճասար և այլ կոներ:  Ձյուն չլինելու դեպքում այդ հատվածն անցնում ենք 3-ից 3,5 ժամում,  իսկ ձմռանը մենք այն անցանք 7 ժամ30 րոպեում:  Բայց հենց նկարագրածս տեսարանն էլ մոռացության տվեց երթուղու դժվարությունը:  Ամբողջությամբ սպիտակ և անծայրածիր Գեղաման լազուր երկնքի տակ էր, բոլոր գագաթները պարզ երևում էին,  բայց Աժդահակն իր բնավորության համաձայն քիչ-քիչ բացվեց մեզ:  Մի շատ գեղեցիկ ամպ Աժդահակի գագթը փակել էր և երևում էր միայն հատած կոնը՝ խառնարանից ներքև ընկած մասով,  բայց ոչ գագաթը: Բացված տեսարանի ազդեցության և ձյան մեջ մեր քայլքի ձայնի ուղեկցությամբ 1 ժամ 30 րոպե էլ քայլեցինք:  Պետք է մի բան հաշվի առնել՝ Գեղամայում ջերմաստիճանը կտրուկ է իջնում, էնպես որ արագ սկսեցինք վրանները տեղադրել,  իսկ այդ ընթացում Աժդահակն արդեն պատրաստ էր մեզ երևալ:  Գեղամա լեռներն ու Աժդահակը սպիտակից վերածվել էին ծիրանագույնի,  ամպը ցրվել էր՝ բացելով լեռան գեղեցկությունն ամբողջությամբ: Ընթրիքի ժամանակ որոշեցինք վերելքը սկսել առավոտյան ժամը 5:00-ին, և դա նշանակում էր` շուտ քնել, ուժերը վերականգնել և տրամադրվել <<ձնալողի>> հաջորդ փուլին: Առաջին օրը քայլեցինք 9 ժամ, անցանք 8 կմ երկարություն և 1000մ բարձրություն: Գիշերը լուռ էր` քամի չկար, ջերմաստիճանը`-16…-18: 

Փետրվարի 25-ին պլանավորածից մի փոքր ուշացումով` 5:20 սկսեցինք քայլել դեպի Աժդահակ: Երկու ժամ պետք է մթով քայլեինք: Մթության մեջ երևում էր Աժդահակի ուրվագիծը, այն հնարավոր չէ շփոթել այլ լեռնագագաթների հետ, այնպես որ այն ուղեցույց էր մեզ համար և մթությունը չխանգարեց ճիշտ ուղությամբ գնալուն: Վերևում փայլող աստեղերն էին, իսկ ներքևում` լապտերների լույսից շողացող ձյան բյուրեղները: Ժամը 7:10 հորիզոնը սկսեց փոխել գույները: Երկինքը, որ միաձուլված էր Գեղամայի սպիտակ ձյանը, մուգ կապույտից աստիճանաբար փոխվեց վարդագույնի և ծիրանագույնի` ձյան վրա ընդգծելով մեր ոտնահետքերը: Հրաշք տեսարան էր…

Արևը դուրս եկավ և իր շողերով ասես անդամանդներ սփռեց ձյան վրա, ամբողջ սարավանդը փայլում էր, էնպես որ առանց ակնոց այլևս հնարավոր չէր քայլել: Ամպի կտոր չկար հորիզոնում: Աժդահակի հյուսիսային լանջերն ու գագաթի հատվածները այդքան էլ ձնածածկ չէին, ինչը խոսում էր, որ քամիներ են եղել ու հավանաբար այդ պահին էլ քամի էր: Քայլ առ քայլ համոզվում էինք, որ վերլեքը հաջողվելու է: Ժամը 12:02-ին գագաթին էինք: Բոլորս էլ առաջին անգամ էինք ձմեռային Աժդահակ բարձրանում, մենք ուրախ էինք, ինքներս մեզնից գոհ և տպավորված տեսարաններով: Խառնարանի ջուրն ամբողջությամբ սառած էր, սառը քամին թույլ չէր տալիս առանց ձեռնոց երկար մնալ, իսկ մենք նկարել էինք ուզում: Ամբողջությամբ սառած Սևանա լիճ, ձյունածածկ լեռնաշղթաներ, Գեղամա կոներ, իրար հետևից մի գծով պատկերված Հատիս, Արա լեռ և Արագած, և որ կարևորն է` Արարատ …  

Տեսարանը տեսարն, ուրախությունն ուրախություն, բայց ցուրտ էր ու երկար չկարողացանք մնալ գագաթին: 12:30 սկսեցինք հետ իջնել: Հետ վերադարձի ճանապարհն պարզ պատճառներով ավելի հեշտ է լինում, բայց ոչ այս երթուղու դեպքում: Մինչ Աժդահակին հասնելը և վերելքներ էինք արել և վայրէջքներ, քանի որ այլ կերպ պարզապես հնարավոր չէր, այնպես որ վերադարձին էլ պետք է վերելքներ անեինք: Ինչևիցե, ժամը 17:55 արդեն մեր վրանների մոտ էինք: Եթե խիստ անհրաժեշտ լիներ քաղաք վերադառնալը, կարող էինք նաև այդ օրը հետ իջնել, բայց որոշեցինք մնալ խելամտության սահմաններում` հանգստանալ, գիշերել և հաջորդ օրը ճանապարհ ընկնել: Մի պատճառ էլ կար, որ ստիպում էր մնալ Գեղամայում` խոստացված բրնձով ապուրը. այս ապուրի համար արժեր երկրորդ անգամ էլ այս ճանապարհն անցնել: Երկրորդ օրը քայլեցինք 11 ժամ 2 րոպե /6 ժամ 42 րոպեն վերելքի ժամանակ, իսկ 4 ժամ 20 րոպեն` վերադարձի/,  15 կմ երկարություն /7,5կմ գնալ, 7,5կմ վերադարձ/ և 650մ բարձրություն:  Այդ գիշերն ավելի ցուրտ էր` -17…-20:

Հաջողված վերելք, ճանապարհի շատ լավ ընկերներ, հետաքրքիր, էքստերմալ ու <<անհարմար>> պահեր, որոնք Ձեզ չբացահայտեցինք, բնության հետ ներդաշնակություն ու բարձր տրամադրություն, այսքանից հետո կարելի է տուն վերադառնալ:

Ինչքան էլ հաճախակի մեկօրյա վերելքներ անենք, դրանք անհամեմատելի են այն փորձի և զգացողությունների հետ, որ տալիս է մեզ գիշերակացով վերելքը, հենց այդ ժամանակ ես բացահայտում քո և թիմակիցներիդ դիմացկունության սահմանը, օգնելու ցանկությունը, թիմային կամ եսակենտրոն լինելը, գնահատում մարդկային հատկանիշները: Լեռները օգնում են բացահայտել ոչ միայն ինքներս մեզ, այլ նաև այն մարդկանց, ում հետ ճանապարհ ենք գնում: Գիշերակացով վերելքը թույլ է տալիս լիարժեք հասկանալ լեռնային բնության խստությունը:   

Փետրվարի 26-ի առավոտյան Գեղաման մառախուղի մեջ էր, Աժդահակը նորից պարուրվել էր ամպով: Այդ առավոտվա եղանակը տեսնելով ակամայից մտքումդ շնորհակալություն ես հայտնում լեռնային բնությանը, որ նախորդ օրը հնարավորություն տվեց հասնել նպատակիդ` Աժդահակի գագաթին:

Ժամը 10:20 սկսեցինք հետ քայլել դեպի Սևաբերդ և այս անգամ մեր քայլերին ուժ էր տալիս այն միտքը, որ ներքևում մեզ սպասող մեքենայի վարորդը գազավորված ըմպելիք էր բերել: Ճիշտ է, 3 օր հալեցրած ձյուն խմելով էլ մեզ վատ չէինք զգում, բայց օրգանիզմն ու ենթագիտակցությունն արդեն իրենցն ասում էին: Ժամը 13:30 գազավորված ըմպելիքներն արդեն մեր ձեռքերում էին, մենք` հագեցած ու երջանիկ: Վրանների տեղադրման վայրից մինչև Սևաբերդ ընկած 8 կմ հեռավորությունն անցանք 3 ժամ 10 րոպեում:

Ամփոփելով երեք օրերը, ունենք հետևյալ արդյունքը` Սևաբերդ-Աժդահակ-Սևաբերդ երթուղին անցնելու համար քայլեցինք 24 ժամ 12 րոպե, անցանք 31կմ հեռավորություն և 1650մ բարձրություն: 

Թիմում էին` Լևոն Մովսիսյան, Անժելա Ճաղարյան, Արիգա Առաքելյան, Էդուարդ Սարգսյան, Շուշան Ռուբենյան, Նարինե Ճաղարյան: Թիմը Սևաբերդում համալրվեց 2 շներով, որոնք ամբողջ ընթացքում մեզ հետ էին` ներառյալ գագաթին, ովքեր ստացան Յուպիտեր և Վեներա անունները: 25.02.2017թ. ժամը 12:02 Աժդահակի գագաթին էին` Լևոն Մովսիսյանը, Արիգա Առաքելյանը, Շուշան Ռուբենյանը և ես` Նարինե Ճաղարյանը: