Լյուբա Բալյանը Կիլիմանջարո լեռան գագաթին

13 փետրվարի 2017թ. կատարել եմ վերելք Կիլիմանջարո լեռ, բարձրությունը՝ 5895մ է։ Կիլիմանջարոն գտնվում է Տանզանիայի հյուսիս-արևելքում և համարվում է Աֆրիկյան մայրցամաքի ամենաբարձր կետը, ինչպես նաև աշխարհի ամենաբարձր ազատ կանգնած լեռը: Ունի 3 հանգած հրաբուխներ՝ Քիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ)։ Գագաթներին կան սառցադաշտեր: Կիլիմանջարոյի գագաթը իրենից խառնարան է ներկայացնում, որի ամենաբարձր կետն է Ուհուրու գագաթը: 

Դեպի Կիլիմանջարո լեռանգագաթ տանող 6 երթուղիներից ընտրեցի 6-օրվա տևողությամբ Մարանգու երթուղին, որի դեպքում գիշերակացը իրականացվում է խրճիթներում: Սովորաբար Մարանգու երթուղին իրականացվում է նվազագույնը 5 օրում:  6 օրյա ուղևորության ժամանակ 1 օրը հատկացվում է լեռան վրա կլիմայավարժման համար: 

Ուղևորությունս սկսել եմ փետրվարի 8-ին, Մարանգու անցակետից (1980մ)՝ Կիլիմանջարո ազգային պարկի սկզբնամասում: Անցակետում գրացվելուց հետո, սկսեցի վերելքը: Միջինում օրվա մեջ քայլել եմ 12ից-15 կմ: 

Մարանգու երթուղու նկարագիրը ըստ օրերի.

Օր 1. Մարանգու անցակետ (1980մ) – Մանդարա ճամբար (2720մ): Քայլարշավի տևողությունը՝ 5 ժամ, երկարությունը՝ մոտ 12կմ:

Օր 2. Մանդարա ճամբար – Հորոմբո ճամբար (3720մ), տևողությունը՝ 6 ժամ, երկարությունը՝ մոտ 15կմ:

Օր 3. Հորոմբո ճամբար, կլիմայավարժում 3720 մ բարձրության վրա:

Օր 4. Հորոմբո ճամբար – Քիբո ճամբար (4700մ), տևողությունը՝ 6 ժամ, երկարությունը՝ մոտ 15կմ: Հենց այդ գիշերը կատարվում է հիմնական վերելքը Կիլիմանջարոյի գագաթ, այսինքն՝ Ուհուրու կետը: Քիբո ճամբար հասնելուն պես, երբ մի փոքր հանգստացա և ճաշեցի, ինձ խորհուրդ տրվեց շուտ քնել՝ ժամը 19:00-ին, քանի որ վերելքը սկսվելու էր կեսգիշերին:  Քնելուց առաջ նախապես պատրաստեցի բոլոր անհրաժեշտ իրերս, խմելու ջուրը լցրեցի թերմոսի մեջ, սառելուց խուսափելուհամար: 

Օր 5. Դեպի Գագաթ / Քիբո ճամբար (4700մ) – Ուհուրուգագաթ (5895մ) – Քիբո ճամբար (4700մ) – Հորոմբո ճամբար (3720 մ)
Քայլարշավի տևողությունը՝ 8 ժամ դեպի Ուխուրու գագաթ, 6-8 ժամ դեպի Հորոմբո ճամբար իջնելու համար: Երկարությունը՝մոտ 6կմ վերելքը – 22կմ իջնելը: 

23:30-ին արթնանալուց ու թեթևակի սնունդ ընդունելուց հետո (վարսակի շիլա մեղրով) սկսեցի վերելքը, անցնելով բավականին քարքարոտ զառիթափ ուղի, սկզբից հասնելով խառնարանի եզրին գտնվող Գիլմանի, այնուհետև Ստելլա կետերը: Դեպի Ստելլա կետ ընկած հատվածը լեռնագնացների համար մտավոր և ֆիզիկական տեսանկյունից առավել դժվար երթուղի է և, սովորաբար պահանջվում է 6.30 – 7 ժամ այդ կետին  հասնելու համար: Ես այդ կետին հասա ավելի շուտ՝ 4.30 ժամում, սակայն ստիպված եղա սպասել լուսաբացին, նախքան գագաթ հասնելը, որպեսզի ականատես լինեմ ամենահիասքանչ արևածագին: Վերելքի գիշերը լիալուսին էր և ես իմ գլխի լապտերը մեծամասամբ անջատաց եմ պահել: Գիշերային վերելքի ժամանակ միակ դժվարությունն այն էր, որ քայլելիս անընդհատ փորձում էի հաղթահարել անքնությունը: Փետրվարի 13-ին վաղ առավոտյան, ժամը 5.30-ին ես Կիլիմանջարոյի գագաթին էի: 

Գագաթից դեպի Քիբո ընկած վերադարձի ճանապարհը տևեց զարմանալիորեն ավելի քիչ՝ 3 ժամ: Ճամբարում անցկացրած կարճ հանգստից հետո, հավաքեցի իրերս և շարունակեցի ճամփորդությունս դեպի ետ՝ Հորոմբո ճամբար (3720 մ), որտեղ և գիշերել եմ: Այդ օրը ամենահոգնացուցիչն էր, ընդհանուր քայլարշավը տևում է 14 ժամ, կազմելով 22 կմ:  

Օր 6. Հորոմբո ճամբար (3720 մ) – Մարանգու անցակետ (1980մ): Քայլարշավի տևողությունը՝ 6 ժամ, երկարությունը 27 կմ:

 
Լյուբա Բալյան