Արագածի 3000 մ-ից բարձր բոլոր գագաթներին լինելու ցանկությունն իրագործելուն զուգահեռ որոշեցինք շրջել նաև Գեղամա լեռներով:
Ուսումնասիրելով տարբեր քարտեզներ և ՀՀ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ բառարանը՝ կազմենցինք Գեղամա լեռների 3000 մ-ից բարձր բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական գագաթների և անվանական կետերի ցանկը.
Արշավ -1-
02.09.2017)
Վիշապասար, Նազելի, Կարմիր Կատար, Աժդահակ, Դիմացլեռ, Պայտասար
23,1 կմ, 1400 մ հարաբերական — 7 ժամ 44 րոպե:
Վիշապասար 3157 մ` Արարատի մարզ:
Նազելի 3312մ` Կոտայք / Գեղարքունիք
Կարմիր Կատար (Թառ լեռ) 3530մ` Կոտայք / Գեղարքունիք
Աժդահակ 3597մ` Գեղամա լեռների ամենա բարձր գագաթը:
Կոտայք / Գեղարքունիք
Դիմացլեռ 3307մ` Կոտայքի մարզ
Պայտասար 3177մ` Կոտայքի մարզ
Արշավը սկսեցինք ArmGeo-ի հետ: Գեղարդ գյուղից արշավական խմբի հետ բեռնատարով բարձրացանք լեռնավահանի բարձրադիր հարթություն: Երբ բեռնատարը թեքվեց դեպի Վանքի լիճ, մենք առանձնացանք խմբից և սկսեցինք քայլարշավը:
Վիշապասար հասանք բավականին արագ: Վիշապասարից դեպի Նազելի քայլեցինք ամենակարճ, բայց հարաբերական բարձրությամբ ամենաերկար ճանապարհով, այսինքն ուղիղ գծով իջանք ձորակ և սկսեցինք բարձրանալ:
Հաջորդը Կարմիր Կատարն էր, որտեղ էլ հանդիպեցինք արշավախշխմբի մասնակիցներին և միասին քայլեցինք դեպի Աժդահակ: Աժդահակից նորից առանձնացանք խմբից և գնացինք Դիմացլեռ, այնուհետ Պայտասար, որտեղ մեզ սպասում էր բեռնատարը:
Մեկ օրում 6 գագաթը այդ պահին ռեկորդային էր մեզ համար:
Արշավ -2-
(17.11.2017)
Սեղանասար, Գեղմաղան, Երիցասար, Պահակասար
24,3 կմ, 1350 մ հարաբերական — 8 ժամ 6 րոպե:
Սեղանասար 3219մ` Կոտայքի մարզ
Գեղմաղան 3319մ` Կոտայքի մարզ
Երիցասար 3139մ` Կոտայքի մարզ
Արշավը սկսեցինք Սևաբերդ գյուղից: Ոտքով բարձրացանք մինչ 2900 մ, որտեղից էլ առաջին անգամ օգտագործեցինք ձնեթաթեր «снегоступы»: Ձնառատ լեռնավահանը գրավիչ էր ու վեհ:
Սեղանասար հասանք հեշտությամբ, քիչ անց էլ Գեղմաղանի գագաթին էինք, որտեղ բավականին ուժեղ քամի էր: Հաջորդը Երիցասարն էր, որն արևելյան կողմից բլրատիպ մի քանի կատարներով լեռնազանգված էր: Գագաթը գտանք երկրոդ փորձից: Վերադարձին եղանք նաև Պահակասարի գագաթին, որից հետո իջանք Սևաբերդ:
Արշավ -3-
(09.12.2017)
Լճասար, Ակնասար
27,6 կմ, 1300 մ հարաբերական — 10 ժամ 11րոպե:
Լճասար 3153մ` Գեղարքունիքի մարզ
Ակնասար 3258մ` Կոտայք / Գեղարքունիք
Գեղամայի մեր առաջին ձմեռային վերելքը սկսեցինք շատ վաղ, երբ դեռ չէր ծագել արևը: Այս անգամ ձյունը թարմ էր և բավականին փխրուն, և անգամ ձնեթաթերով հեշտ չէր առաջ շարժվելը:
Սևաբերդից դեպի Ակնա լիճ ճանապարն անցանք Սեղանասարի և Գեղմաղանի ստորոտով: Լիճն ամբողջությամբ ծածկված էր ձյան շերտով և գրեթե չէր երևում: Թանձր մառախուղ իջավ, մի փոքր շեղվելուց հետո գտանք ճանապարը և բարձրացանք Լճասար: Գագաթին անցկացրած կարճ մի քանի րոպեների ընթացքում եղանակը մի քանի անգամ կտրուկ փոխվեց, որն էլ հնարավորություն տվեց տեսնելու մոտակա գագաթները: Լճասարից Ակնասար գնացինք ամենակարճ ճանապարհով՝ ուղիղ գծով: Լավագույն լուծումը չէր տարվա այդ եղանակին` բավականին չարչարվեցինք կարճ ճանապահի ձյունապատ թեքությունն հաղթահարելիս: Գագաթից հիանալի տեսարան բացվեց դեպի Սևանա լիճ:
Ակնասարից Ակնա լճի հյուսիսային կողմով սկսեցինք վերադառնալ: Սեղանասարի ստորոտին տեսանք մեր անցած ոտնահետքերը և նույն ճանապարհով մինչ մութն ընկնելը հասանք Սևաբերդ:
Արշավ -4-
(20.05.2018)
Սևկատար, Մազազ, Մառախլապատ, Նարինե, Շուշան, Շամփրասար, Քարհանք
50,1 կմ, 2750 մ հարաբերական – 14 ժամ 57 րոպե:
Սևկատար 3225 մ` Կոտայք / Գեղարքունիք
Մազազ 3087 մ` Կոտայք / Գեղարքունիք
(Փոքր Աժդահակ)
Մառախլապատ 3034մ` Գեղարքունիք
Նարինե 3200մ` Կոտայք / Գեղարքունիք
Շուշան 3200մ` Կոտակք
Շամփրասար 3559մ` Կոտայք / Գեղարքունիք
Քարհանք 3139մ` Կոտայք
Եղանակի տեսությունը լավատեսություն չէր ներշնչում օրվա երկրորդ կեսին, այդ իսկ պատճառով արշավը սկսեցին շատ վաղ՝ նախապես, կախված եղանակից, ունենալով մի քանի ծրագիր:
Սևաբերդից բարձրացանք հյուսիս-արևելք, ծրագրում նվազագույնը մեր ցանկի ամենահյուսիսային գագաթներն էին` Սևկատարը և Մազազը: Նախ հասանք Սևկատար, որն ամբոխջությամբ մառախլապատ էր: Գագաթին կարճ հանգստից հետո, իջանք հյուսիսային ուղղությամբ: Ճանապարհին Կարմիրն էր, փոքրիկ գագաթ, որը բարձրացանք որպես սփոփանք: Մազազը նույնպես ամպերով էր պատված և մենք արդեն համակերպվել էինք նվազագույնով բավարարվելու մտքի հետ: Սակայն քամին բավականին արագ էր, և գագաթ հասնելիս ստացվեց ճիշտ հակառակը` ամպերը ցրվեցին և շուրջ բոլորը տեսանելի դարձավ: Այլևս մառախուղ չկար, և մենք շարժվեցինք Մառախլապատի ուղղությամբ:
Մառախլապատից քայլելցինք դեպի Նարինե, այնուհետև՝ Շուշան լեռնագագաթներ: Խառնարանային այս գեղեցիկ գագաթները պաշտոնապես անվանում չունեն, և մենք էլ կանխավ գրանցել էինք դրանք որպես Նարինե և Շուշան՝ ի պատիվ երկու լեռնագնաց աղջիկների, ովքեր բավականին ներդրում ունեն Գեղամա լեռնավահանի լեռնագագաթների ուսումնասիրության մեջ, որի ընթացքում էլ առաջինն էին բարձրաձայնել գագաթների անանուն լինելու մասին:
Շամփրասար բարձրանալիս արդեն 34 կմ քայլել էինք և ավելի քան 2000 մ հարաբերական բարձրացել: Հոգնած էինք, նեղում էր նաև ժամանակը, քամին էլ ուժեղանում էր, իսկ վերադառնալու դեռ երկար ճանապարհ կար: Բավականին թեք էր, մանր քարերը ոտքի տակից փախչում էին: Բարձրանում էինք դանդաղ, բայց վճռական՝ գիտակցելով, որ մեկ օրում 3000 մ-ից բարձր 7 գագաթ հաղթահարելու հնարավորություն հավանաբար էլ չի լինի: Մեծ ցանկությունը մեզ հասցրեց գագաթ: Մնում էր վերջինը:
Քարհանքը մոտ էր, և հարաբերական բարձրությամբ ոչ այնքան շատ: Միակ խոչնդոտը հրաբխային մեծ քարերն էին, որոնց վրայով տեղաշարժվելը դանդաղ էր ստացվում և մեծ ուշադրություն էր պահանջումանք: Բարեհաջող հասանք գագաթ: Այդ պահին անհավատալի էր թվում: Մնում էր վերադառնալ: Նորից մառախուղ իջավ: Սկսեցինք հնարավորինս արագ ցած իջնել, որպիսի դուրս գանք մառախուղից և տեսանելի լինի: Քայլում էինք ու քայլում, ճանապարհը անվերջանալի էր թվում: Արդեն ամբողջությամբ մթնել էր, լապտերի լույսի ներքո երևացող գերազմանաքարից հասկացանք, որ հայտնվել ենք գյուղի գերեզմանատանը: Երբեք չէինք ենթադրի, որ գիշերով գերեզմանատուն հասնելը կարող է նույնիսկ հաճելի թվալ. չէ որ Սևաբերդ գյուղում էինք:
Աննախադեպ վերելք էր: Խենթ ու խելառ, հոգնած, մեռած, բայց երջանիկ…
Արշավ -5-
(10.06.2018)
Սեղանասար, Արևմտյան Աղուսար, Աղուսար, Արևելյան Աղուսար, Աճառ, Գելոյիսար, Աժդահակ
44,5 կմ, 2800 մ հարաբերական – 14 ժամ 6 րոպե
Արևմտյան Աղուսար 3458մ` Կոտայք
Աղուսար 3335մ` Կոտայք / Գեղարքունիք
Արևելյան Աղուսար 3434մ` Կոտայք / Գեղարքունիք
Աճառ 3018մ` Գեղարքունիք
Գելոյիսար 3102մ` Գեղարքունիք
Այս անգամ նպատակը Աղուսարերն էին: Վերելքը սկսեցինք Սևաբերդ գյուղից առավոտյան 6-ին և բարձրացանք Սեղանասար, որտեղ նախկինում եղել էինք: Եղանակը հիանալի էր, և Սեղանասարից բացվեց մի չքնաղ տեսարան, որում լեռներ էին ու լեռներ: Ըստ հաջորդականության բարձրացանք Արևմտյան Աղուսար, Աղուսար, Արևելյան Աղուսար: Տեղ-տեղ ձյունածածկ էր, տեղ-տեղ մանր քարեր և բավականին թեք: Արևելյան Աղուսարից ճանապարհը շարունակեցինք դեպի Աճառ, որին հասնելու համար ավելի շատ իջնում ես քան բարձրանում: Շարունակեցինք ճանապարհը և հասանք Գելոյիսար: Գելոյիսարը գտնվում է Աժդահակ լեռան արևելյան կողմում, այնտեղից գրավիչ տեսարան է դեպի Գռիձոր և Աժդահակ:
Օրվա ծրագիրն արված էր: Եղանակը հրաշալի էր, և չնայած նախապես չէինք պլանավորել, բայց հաշվի առնելով ոչ ուշ ժամը վերադարձի ճանապարհին որոշեցինք ևս մի գագաթ բարձրանալ. Գեղամայի հսկան՝ Աժդահակը կանչում էր:
Աժդահակի գագաթ բարձրացանք ոչ ավանդական`Կարմիր Կատարի թամբի կողմից, այլ արևելյան կողմից: Խառնարանային լիճը մեծամասամբ սառցակալած էր, հրաշալի երևում էին Սպիտակասարն ու Գեղասարը՝ վեհ, կիսով չափ ձյան մեջ: Կես ժամ գագաթին մնալուց հետո, իջանք արևմտյան ուղղությամբ և Սեղանասարի ստորոտով վերադարձանք Սևաբերդ գյուղ:
Արշավ -6-
(11.08.2018)
Գեղարքունիք, Մեծ Առյուծնախազ, Փոքր Առյուծնախազ, Գեղաքար, Գռասար, Սպիտակասար, Ոսկեսար
27,1 կմ, 1300 մ հարաբերական – 8 ժամ 38 րոպե
Գեղարքունիք 3132մ` Գեղարքունիք
Մեծ Առյուծնախազ 3092մ` Գեղարքունիք
Փոքր Առյուծնախազ 3092մ` Գեղարքունիք
Գեղաքար 3131մ` Գեղարքունիք
Գռասար 3182մ` Գեղարքունիք
Սպիտակասար 3550մ` Արարատ/Կոտայք/Գեղարքունիք
Ոսկեսար 3291մ`Գեղարքունիք
Ավելորդ օր չկորցնելու համար Գռիձորի հարավային լեռնագագաթներին մոտեցանք «Վիլիս» մեքենայով: Առաոտյան Գեղամայի վերին հատվածը մառախուղի մեջ էր, օգտվում էինք նավիգատորից, որի օգնությամբ մեքենայով հասանք Բադի լճից արևելք գոգավոր մի կետ, որտեղից արդեն ոտքով բարձրացանք Գեղարքունիք, այնուհետ Մեծ և Փոքր Առյուծնախազ: Երեքն էլ դեպի արևելք մեկ գծի վրա էին միմյանց համեմատաբար մոտ: Նույն կերպ վերադարձանք Գեղարքունիք լեռնագագաթի ստորոտ, որտեղից ճանապարհ էր բացվում դեպի հյուսիս՝ Գեղաքար:
Մառախուղը գնալով քչանում էր և մեր առջև բացվեց Գեղաքարի ժայռոտ, սուր և Գեղամա լեռների համար ոչ ստանդարտ, շատ տպաորիչ գագաթը: Սկզբից այն անհասանելի էր թվում, սակայն գտանք մագլցելու ամենաօպտիմալ ճանապարհը: Տեսարանը գագաթից ցնցող էր, նախ կտրուկ իջնող ձոր, որից բարձրանալով երևում էին Նազելին, Աժդահակն ու Աղուսարերը իրենց ամբողջ վեհությամբ և հմայքով: Այս ամենին շունչ էր տալիս գետի ձայնը, և երբ թռչունների ձայն էլ լսվեց հասկացանք դրախտ գեղամայի դրախտը հենց Գեղաքարն է: Գագաթին նախատեսված 10-15-ի փոխարեն մնացինք մոտ 40 րոպե:
Հաջորդը Գռասարն էր, որտեղ ամպերի արանքից երևում էր Սևանա լիճը, այնուհետ՝ Սպիտակասարը` Գեղամա լեռների բարձրությամբ երկրոդ և երկար սպասված այս գագաթը բավականին հեշտ տրվեց: Սպիտակասարի գագաթին երկար չմնացինք, քամին ուժեղանում էր, սև ամպեր էին հավաքվում, իսկ առջևում Ոսկեսարն էր:
Բարձրացանք գագաթ ասեցինք «շնորհավոր», նոր միայն քարտեզով տեսանք, որ գագաթը կողքինն է և մառախուղի պատճառով չի երևում: Շարունակեցինք, իջանք ու բարձրացանք Ոսկեսար` քարքարոտ էր: Երբ իջանք Ոսկեսարից, տեսանք մեր Արամին, ով մեքենան մոտեցրել և սպասում էր մեզ:
Արշավ -7-
(24.08.2018)
Ոչխարաթումբ, Գեղասար, Ուղտուսար, Ուղտուպար, Ծաղկավետ, Մանկունք
35,5կմ, 1950 մ հարաբերական – 10 ժամ 1 րոպե
Գեղասար 3443մ ` Արարատ/Գեղարքունիք (Փոքր Սպիտակասար)
Ոչխարաթումբ 3238մ` Գեղարքունիք
Ուղտուպար 3170մ` Արարատ/Գեղարքունիք
Ուղտուսար 3196մ`Արարատ/Գեղարքունիք
Ծաղկավետ 3076մ` Արարատ/Գեղարքունիք
Մանկունք 3088մ` Արարատ
Գեղամա լեռների 3000 մ բարձր բոլոր լեռնագագաթներին լինելու համար նախատեսված մեր վերջին արշավին սպասում էինք անհամբեր: Այս անգամ էլ «Վիլիս» մեքենայով բարձրացանք, մոտեցանք Ոչխարաթումբ և Գեղասար լեռների ստորոտին և սկսեցինք քայլել դեպի ավելի մոտ գտնվող Ոչխարաթումբի գագաթ:
Արագ բարձրացանք Ոչխարաթում, այնտեղից էլ Գեղասար, որը հանդիսանում է Գեղամա լեռների բարձրագույն գագաթներից մեկը՝ բավականին ծավալուն ու տպավորիչ գեղեցկությամբ: Գեղասարից շարունակեցինք դեպի Ուղտուպար և Ուղտուսար, որոնց գագաթները դժվար էր գտնել, քանզի չունեին դասական սարի տեսք:
Հետո բարձրացանք Ծաղկավետ, այստեղից բացվում էր հրաշալի տեսարան դեպի Խոսրովի արգելոց:
Գեղամա լեռների 3000 մ-ից բարձր ամենահարավային գագաթը Մանկունքն է, որն էլ փաստորեն դարձավ վերջին կետը ծրագիրն իրագործելու համար: Գագաթին եռաոտնուկ կա, մոտակայքում՝ կիսականգուն քարե շինություններ:
Վերադարձից առաջ որոշեցինք բարձրանալ նաև Արքաշեն և Մասիկ, այնուհետև Ձորակապ լեռները:
Եվս մոտ երկու ժամ քայլելով հասանք մեկնարկային կետ՝ մեքենայի մոտ: Վայելեցինք մայրամուտը Գեղամայից: Մեքենայով իջնելուց արդեն մթնել էր:
Աշխատանքի մասին
#ՉքնաղԳեղամա #ԱնվերջՍիրելուԳագաթներ
Եթե ամփոփելու լինենք կարող ենք ներքին լիակատար բավարարվածությամբ ու մի փոքր էլ թաքուն հպարտության զգացողությամբ ասել, որ 1 տարվա ընթացքում (աշուն 2, ձմեռ 1, գարուն 1, ամառ 3) իրագործեցինք Գեղամա լեռների 3000 մ-ից բարձր բոլոր գագաթները բարձրանալու՝ Արագածում թափառելիս առաջացած մեր ցանկությունը:
Այսպիսով՝ 7 արշավ, 41 գագաթ, որից 36-ը 3000 մ-ից բարձր, 232 կմ, 12,850 մ հարաբերական…
#Wedidit
#ԽենթուԽելառ երբեմն #ՀոգնածՄեռած երբեմն #ՀոգնածԲայցՉմեռած երբեմն էլ #ՈչՀոգնածՈչՄեռած ու միշտ #Երջանիկ
Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել Նարինե Ճաղարյանին, Շուշան Ռուբենյանին, Տիգրան Շահբազյանին, Արամ Թովմասյանին:
Հեղինակ` Աղասի Մարտիրոսյան