ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ

Աղվան Չատինյան, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար»: Ծնվել է 1927 թ. նոյեմբերի 20-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում։ 
1934-1945 թվականներին, ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Վանաձորի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1946 թ. գերազանցությամբ։ Աշխատել է Վարդաբլուրի կոլտնտեսության փորձադաշտում որպես ագրոնոմ, միաժամանակ կատարել է գյուղի ակումբի վարիչի պարտականությունները։ 1948-1952 թվականներին ընդունվել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և դասախոսական աշխատանքի անցել նույն ինստիտուտում որպես դասախոս, ավագ դասախոս, դոցենտ (1972) և պրոֆեսոր (1999)։ 1987-1995 թվականներին գլխավորել է կիրառական մարզաձևերի ամբիոնը։ Նրա ջանքերով 1992 թվականին Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Փրկարարական գործ» մասնագիտություն։

1961 թ. Հայաստանում հիմնադրել է ձմեռային երկամարտ (բիաթլոն) մարզաձևը, իսկ 1969 թվականին՝ մականախաղը։ Եղել է այդ մարզաձևերի հավաքական թիմերի առաջին ավագ մարզիչը։ 1962 թվից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը եղել է Հանրապետության միակ ավագ մարզիչը, որ ներկայացրել է Հայաստանը ԽՍՀՄ ամառային և ձմեռային սպարտակիադաներում, գրավել միջինից բարձր տեղեր, մարզիկներին ապահովելով սպորտի վարպետի կոչումներ։ Բազմիցս մասնակցել է ԽՍՀՄ լեռնագնացության միութենական և Կովկասի առաջնություններին, ունեցել հաղթանակներ։ 1958 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում և ընդգրկվել է ԽՍՀՄ լեռնագնացների հավաքական թիմում, 1958 թվականին մասնակցել է Պամիրում անցկացվող սովետա–չինական էքսպեդիցիային։
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սովորելու տարիներին ‹‹ալպինիզմ›› էին անցնում և ստուգարքը ստանալու համար պետք էր մագլցել: Այս մագլցման վերաբերյալ Աղվան Չատինյանը պատմում է. ‹‹Շատ վախկոտ եմ եղել, բայց ստուգարք ստանալու համար հաղթահարեցի վախս: Համալսարանում անցնում էինք «ալպինիզմ» առարկան, և ստուգարքի ժամանակ շատ էի վախենում, որ պարանները կկտրվեն, ու ես կմեռնեմ: Առաջին անգամ ինձ մոտ ստացվեց ու դժվարություններ չզգացի: Իսկ հաջորդ անգամ ավելի արագ գնացի, քան հանրապետության չեմպիոնը››:
Ա. Չատինյանը 6 անգամ մասնակցել է ժայռամագլցման համամիութենական հավաքների և հաղթանակներ ունեցել:
1952թ. մասնակցել է Արզնիում կազմակերպված ժայռամագլցման մրցույթին, որին մասնակցել է նաև Միխայիլ Խերգիանին: Մրցման դատավորը վրացի Ա. Գապարիձեն էր: Ժայռամագլցման արդյունքում Չատինյանը 41 վայրկյան տարբերությամբ հաղթանակ է տանում Խերգիանիի նկատմամբ: Խերգիանին այդ ժամանակ Սովետական Միության ուժեղագույն մարզիկ էր:
Աղվան Չատինյանը սպորտային վերելքներ իրականացրել է մինչև 1961թ.-ը: 1956թ. իրականացրել է Ուշբա-Շխելդա տրավերս-վերելքը: Հիշարժան է համարում Դոմբայ լեռների տրավերսը, որն ուներ 5-րդ կարգի դժվարություն: Դժվար վերելքներից է համարում 1957թ.-ի Ամանաուզ լեռան (3530մ) վերելքը, քանի որ դեպի գագաթ ճանապարհն անցել են 800-900մ պատային մագլցմամբ: Դժվարությունը պայմանավորված էր նաև ջրի բացակայությամբ, և պատի տաք լինելով, ինչի արդյունքում աշխատանքները պետք էր ձեռնոցներով իրականացնել:  
1958թ. հրավեր է ստացել աշխատելու Միջին Ասիայում՝ Ալմա-Ատայի մոտակայքում գտնվող ճամբարներից մեկում, որի ժամանակ վերելք է իրականացրել Տալգար լեռ (4979մ): Այս վերելքի մասին Ա. Չատինյանը պատմում է.  ‹‹Վերելքի ժամանակ բաճկոնիս գլխարկը գլխիցս չեմ հանել ու դրա արդյունքում ռուսները ծիծաղում էին ինձ վրա: Բայց սկզբում նրանք էին ծիծաղում, իսկ վերջում՝ ես: Նրանք բոլորն արևից վառվել էին››: Այստեղ աշխատել է մեկ ամիս:
1958թ. Վիտալի Աբալակովից հրավեր է ստացել Սովետական Միության հավաքական թիմ՝ սովետա-չինական էքսպեդիցիոն թիմ: Թիմը կազմավորել էր Սովետական Միության ալպինիզմի ֆեդերացիան: Խումբը կազմված է եղել 15 հոգուց, որից երկուսը սվաններ էին, այդ թվում նաև Միխայիլ Խերգիանին, մեկը՝ հայ, ի դեմս Աղվան Չատինյանի, իսկ մյուսները՝ ռուսներ: Այս Էքսպեդիցիայի նպատակը Էվերեստ լեռ բարձրանալն էր, սակայն պետությունների միջև առաջացած տարաձայնությունների պատճառով, Սովետական Միության թիմը էքսպեդիցիան չի շարունակում:
Աղվան Չատինյանը, բացառությամբ 59-61թվականների, հիմնականում աշխատել է Էլբրուսի մոտ գտնվող Բաքսանի Բուրիվեսնիկ սպորտային ընկերության ‹‹Բուրիվեսնիկ›› ճամբարում, որտեղ հիմնականում ուսանողներ էին գալիս: 1959թ.-ին կրկին Վ. Աբալակովի հրավերով Ա. Չատինյանը գնում է ալպինիզմի դպրոց, որը Կովկասում կամ այլ լեռնային երկրամասում էր գործում՝ տարվա մեջ երկու հերթափոխով: 59, 60, 61 թվականներին աշխատել է այդ դպրոցում, և հերթափոխներից մեկի ժամանակ աշխատել է հայերի հետ՝ Յուրա Կոպալյան, Ռաֆիկ Մելիքսեթյան, Ստեփան Մուրադյան, Էմիլ Հովսեփյան:
Վերջին լուրջ վերելքն իրականացրել է 1961թվականին՝ խաչ-վերելք կատարելով Ուշբա լեռ: Նախքան 1961թվականը շատերն էին փորձել խաչ-վերելք կատարել, բայց չէր ստացվել: Ուշբա լեռան 1-ին վերելքն իրականացվել է 1935թվականին գերմանացիների կողմից, տրավերսը նույնպես գերամանցիների խմբի կողմից է կատարվել 1937թվականին: Այս վերելքների վերաբերյալ ֆիլմ է նկարահանվել, որի ցուցադրման առթիվ նշվել է. ‹‹Հերոս կլինի այն մարդը, ով խաչ կանի››: Տարիներ անց այդ հերոսը դարձավ Աղվան Չատինյանը:
Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրականացրած աշխատանքներում աչքի ընկնելու համար Ա. Չատինյանը ստացել է ժետոն:
Վերջին վերելքն իրականացրել է 2001թվականին՝ բարձրանալով Արագածի Հյուսիսային գագաթ, որի ժամանակ քրիստոնեության 1700 ամյակի կապակցությամբ գագաթին խաչ են կանգնեցրել:  
Աղվան Չատինյանը ունի հրատարակված մոտ 100 աշխատանք, որպես կասկադյոր մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի, որոնցից հայտնի են «Անձամբ ճանաչում եմ», «Ուրվականները հեռանում են լեռներից», «Թռիչք անդունդի վրայով», «Սգավոր ձյունը», «Ուղղահայաց» փոխարինելով հանրաճանաչ դերասաններ Վլադիմիր Վիսոցկուն, Գուրգեն Թոնունցին և ուրիշների։
Այժմ դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, նաև գլխավորում է Հայաստանի հանրապետության դահուկային սպորտի ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովը։

Վերելքներ՝

Ոշբա-Շխելդա տրավերս, Ուշբա խաչ, Մագրա (4-րդ կարգի բարդություն), Դոնգուս (4-րդ կարգի բարդություն), Էլբրուս, Ուլու-Տաու Չանա (Աբալակովի ուղիով, Կենտրոնական կովկաս), Դամբայ-Ուգեն տրավերս (Արևմտյան Կովկաս), Ամանաուզ հարավային պատով, Մաշող Մամեդով (Միջին Ասիա), Պիոներ (Պամիր), Տագար, Պիկ Պերվոյե Մայա (Կովկաս), Պիկ Ավիացիա (Կենտրոնական Կովկաս), Կիրպիչ և այլ լեռներ: